Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Թերթերն այսօր ամփոփում են Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հայաստանյան այցի արդյունքները, կանխատեսումներ անում ու գնահատականներ տալիս երկու նախագահների հայտարարություններին:

«Հայք»-ին տված հարցազրույցում Հայոց համազգային շարժման վարչության անդամ Արամ Մանուկյանը ասել է. - «Մեդվեդեւը եկել է Հայաստան միայն մեկ նպատակով` օրակարգում ունենալով Լեռնային Ղարաբաղի հարցի արագ լուծումը: Դա նշանակում է, որ Տեր-Պետրոսյանի հայտարարությունը, թե ԼՂ խնդրի կարգավորման հարցն արագացված տեմպերով է ընթանում, եւ առաջիկայում պարտադրանք է լինելու Սերժ Սարգսյանի նկատմամբ, իրականանում է: Հիմա, այս փուլում տեղի է ունեցել արեւմուտքի եւ ՌԴ-ի դիրքորոշումների մոտեցում ոչ միայն բովանդակային, այլեւ` ժամանակային առումով»: ՀՀՇ-ի վարչության անդամի կարծիքով` «բոլոր կողմերն էլ եկել են համաձայնության` արագացնելու պրոցեսը, իսկ դա նշանակում է, որ Անդրկովկասում նոր քարտեզ պետք է գծվի»:

«Հրապարակ»-ը փորձել է պարզել, թե ինչ էր ենթադրում Ռուսաստանի նախագահի երեկվա հայտարարությունը երեք նախագահների` Ալիեւ, Սարգսյան, Մեդվեդեւ, հանդիպման մասին. - «Այս դեպքում Ռուսաստանը միակ, եզակի միջնորդի դեր է ստանձնում: Ժամանակին Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներին հանդիպեցնելու փորձ էր անում Ֆրանսիան, մասնավորապես` Ժակ Շիրակը: Բայց այսօր ԵԱՀԿ ՄԽ-ն համանախագահող այդ երկիրը լիովին ետ է քաշվել Ղարաբաղի խնդրից, եւ Ռուսաստանն արդեն դաշտում խաղում է Թուրքիայի եւ ԱՄՆ-ի հետ, բայց` որպես այդ պետությունների մրցակից: Եթե Մեդվեդեւին հաջողվի գնդակն անընդհատ իր մոտ պահել, նշանակում է` ինքն է ստորագրել տալու ԼՂՀ կարգավորման համաձայնագիրը: Այստեղ կարեւոր է հիշեցնել, որ «Շրջանակային համաձայնագիրը» հատուկ ստորագրման արարողակարգ չի նախատեսում, սա փաստաթուղթ է, որը միջնորդներն են հերթով տանում ստորագրող կողմերի ղեկավարների կաբինետ»:

«Հայկական Ժամանակ»-ը, իր խմբագրականում նույն տեսանկյունից անդրադառնալով հարցին, ակնհայտ է համարում, որ Մեդվեդեւի այցի հիմնական նպատակը երեք նախագահների հանդիպման մասին հայտարարություն անելն էր: «Նյու Յորքում արդեն ԼՂ հարցով եռակողմ հանդիպում կայացել է ՀՀ-ի, Ադրբեջանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարների միջեւ: Այսինքն` առաջին անգամ ԵԱՀԿ ՄԽ ձեւաչափից դուրս տեղի ունեցան հայ-ադրբեջանական բանակցություններ Թուրքիայի միջնորդությամբ: Ռուսաստանը, սակայն, ինչպես եւ սպասվում էր, ցանկանում է վերականգնել իր դիրքերը, եւ եթե մոտ ապագայում, ինչպես նշել է Մեդվեդեւը, ՌԴ-ում կայանա ՀՀ եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը` ՌԴ նախագահի միջնորդությամբ, ապա Թուրքիայի միջնորդության հարցը կարելի է փակված համարել»: «Ու քանի որ հայտարարությունն արդեն հնչել է, ապա պետք է ակնկալել, որ այն անպատասխան չի մնա, եւ ԱՄՆ-ն ու Թուրքիան որեւէ կերպ կարձագանքեն դրան», - կանխատեսում է խմբագրականի հեղինակը:

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը, պատասխանելով «Առավոտ»-ի հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում այն իրողությանը, որ վերջին շրջանում իրար հետեւից արգելվեց Տիգրան Պասկեւիչյանի եւ Տիգրան Խզմալյանի մի շարք ֆիլմերի ցուցադրումը, ասել է. - «Սա նշանակում է, որ մենք դեռ չենք ձերբազատվել Խորհրդային Միության շատ ավտորիտար տարրերից, քանի որ գրաքննությունը միայն ավտորիտարիզմի դրսեւորում է: Բազմակարծության պայմաններում չի կարող լինել գրաքննություն»:

«Հայոց Աշխարհ»-ը «Ինչով կավարտվի պառակտումը» վերնագրի ներքո փոխանցում է Վահան Հովհաննիսյանի խոսքերը. - «Ընդդիմությունը, երբ իշխանություն էր, գող էր, կաշառակեր էր եւ ցինիկ, իսկ երբ դարձավ ընդդիմություն, գումարվեց նաեւ անպատասխանատվությունը եւ մարդկանց մահվան տանելու լկտիությունը: Հիմա արդեն խոսում են իրար չհանդուրժող մարդկային տեսակների մասին: Սա եւս ճիշտ չէ: Սա ազգը պառակտելու ճանապարհն է, բայց այդ մասին ես կխոսեմ համալսարանական ուսանողների հետ: Իսկ հիմա ընդգծեմ, որ ազգի պառակտումը կարող է ավարտվել մեր երկրի անկախության կորստով»:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG