Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյան. «Հայաստանը պատրաստ է շարունակել բանակցությունները մադրիդյան սկզբունքների հիման վրա»


«Հայաստանը պատրաստ է շարունակել բանակցությունները մադրիդյան սկզբունքների հիման վրա», - հայտարարեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը երեկ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ համատեղ ասուլիսում:

«Թե ինչ է նշանակում մադրիդյան սկզբունք` կարծում եմ, ձեզանից յուրաքանչյուրը ինտերնետում կարող է կարդալ այդ փաստաթուղթը: Այնտեղ գաղտնի ոչինչ չկա: Այդ սկզբունքները թույլ են տալիս ճանաչել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը եւ նաեւ պարունակում են մեզ համար սկզբունքային մի քանի հարցեր», - ասաց Հայաստանի նախագահը` հավելելով. - «Ամենակարեւորն այն է, որ մենք վստահ ենք, որ խնդիրը կարող է լուծվել փոխզիջումների հիման վրա եւ բանակցությունների ճանապարհով»:

Դմիտրի Մեդվեդեւը, իր հերթին, ընդգծեց, թե օգոստոսյան իրադարձությունները ցույց տվեցին, որ յուրաքանչյուր բարդ հարց պետք է լուծվի միջազգային սկզբունքների հիման վրա եւ բանակցությունների ճանապարհով: Ըստ Ռուսաստանի նախագահի` դրական արդյունքների բերող որեւէ այլ ճանապարհ գոյություն չունի, եւ սա օգոստոսին Կովկասում տեղի ունեցած ճգնաժամի գլխավոր դասերից է:

Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչ փուլում է ղարաբաղյան հակամարտության կարգավորումը, Դմիտրի Մեդվեդեւն ասաց, թե հույս ունի, որ այժմ գտնվում են առաջընթացի փուլում. - «Ամեն դեպքում, երկու կողմերն էլ պատրաստ են փնտրել լուծումներ: Մենք, իսկապես, բավական մանրամասն այդ մասին խոսել ենք Սերժ Ազատովիչի հետ: Ես չեմ մեկնաբանի նրբերանգները, քանի որ դրանք բանակցային նյուանսներ են»:

«Հույս ունեմ, որ ամենամոտ ապագայում կկայանա երեք նախագահների հանդիպումը, որպեսզի շարունակենք այս թեմայի քննարկումը: Հույս ունեմ, որ այդ հանդիպումը տեղի կունենա Ռուսաստանում: Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ այս պահին ասել», - նշեց Մեդվեդեւը:


Ռուզաննա Ստեփանյան

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG