Մատչելիության հղումներ

«Մարտի 1»-ի հանձնաժողովը լսեց «Ա1+»-ի օպերատորին


Մարտի 1-2-ի իրադարձությունները եւ դրանց պատճառներն ուսումնասիրող հանձնաժողովը երեկ լսեց «Ա1+» հեռուստաընկերության օպերատոր Հովսեփ Հովսեփյանին, ով պնդեց, որ մարտի 1-ի երեկոյան Պարոնյան-Գրիգոր Լուսավորիչ խաչմերուկում իր նկարահանած կադրերում երեւացող հեղուկը արյուն է:

«Տեղ-տեղ լերդացած էր արյունը», - պատմեց Հովսեփ Հովսեփյանը: - «Մեջը կար կրակած պարկուճներ` ավտոմատի ու մի հատ էլ, եթե չեմ սխալվում, որսորդականի պարկուճ էր կրակած»:

«Ա1+»-ի օպերատորը պատմեց, որ այդ կադրերը նկարահանելուց հետո հինգ օր իրեն շատ վատ է զգացել: Իր իսկ պնդմամբ` Հովսեփյանը այդ հայտնի կադրերը, որտեղ արյուն է պատկերված, ծնոտ, լեզու, նկարահանել է ժամը 22:20-ի սահմաններում:

Հանձնաժողովի երեկվա նիստին Հայաստանի գլխավոր դատաբժիշկ Շոթա Վարդանյանը գրավոր փորձագիտական եզրակացություն էր ներկայացրել, որում պնդում էր, որ կադրերում պատկերված ծնոտը խոճկորի է, լեզուն` հորթի: Նույնը գլխավոր դատաբժիշկը բանավոր հայտարարել էր հանձնաժողովի սեպտեմբերի 26-ի նիստում:

Երեկ հանձնաժողովը լսեց նաեւ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի նախկին թղթակից Ծովինար Նազարյանին, ով Հովսեփյանից մոտ մեկեւկես ժամ անց նույն վայրում տեսել էր նույն արյունոտ լճակը:

«Ատամներով հատված չեմ հիշում` ինչ ճիշտն է, ճիշտ», - ասաց Ծովինար Նազարյանը` հավելելով. - «Բայց ես տեսա դոնդող, մածուցիկ, սպիտակավուն, բայց արյունոտ մաս, որը համեմատաբար մեծ էր, եւ բազմաթիվ սպիտակ, մանր կտորներ, որոնք ես ուղղակի չէի կռանա` վրան նայեի»:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեց «Ա1+» հեռուստաընկերության նախագահ Մեսրոպ Մովսեսյանը, շաբաթ օրը Հովսեփ Հովսեփյանը հարցաքննվել է նաեւ դատախազությունում:

Չմոնտաժված աշխատանքային տեսանյութը երեկ փոխանցվեց հանձնաժողովին: Մովսեսյանն ասաց, որ իր խնդիրը չէ` ապացուցել, թե նկարահանված տեսանյությում ինչ է` մարդկայի՞ն ծնոտ, թե՞ խոճկորի, ինքն ուղղակի ուզում է ապացուցել, որ այդ կադրերը մոնտաժված չեն:

«Մարտի 1»-ի հանձնաժողովի երեկվա նիստում փորձագետները հայտնեցին, թե պարզել են, որ ինտերնետում տեղադրված այն կադրերը, որտեղ մեքենան մարդու է վրաերթի ենթարկում, համապատասխանում են իրականությանը եւ, հակառակ շրջանառվող լուրերի, մոնտաժված չեն: Հատուկ քննչական ծառայության ավագ քննիչ, «Մարտի 1»-ի գործով քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանը տեղեկացրեց, որ վրաերթի ենթարկվածը Արարատի մարզի Մարմարաշեն գյուղի բնակիչ Գեւորգ Թեւանյանն է:

Հոկտեմբերի 20-ին լրացել էր մարտի 1-2-ի իրադարձություններն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի գործունեության ժամկետը: Երեկ խորհրդարանում շարունակվեցին հանձնաժողովի աշխատանքները երկարացնելու վերաբերյալ քննարկումները:

Ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը առաջարկեց հանձնաժողովի աշխատանքները երկարաձգել չորս ամսով` նախկինում առաջարկված երկու ամսվա փոխարեն:

Այս հարցի քվեարկությունը տեղի կունենա այսօր:


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG