Մատչելիության հղումներ

Մուշեղ Սաղաթելյանի գործով դատավճիռը կհրապարակվի հոկտեմբերի 23-ին


Հոկտեմբերի 23-ին Երեւանի քրեական դատարանը կհրապարակի մարտի 1-ին իշխանության ներկայացուցչին դիմադրելու, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու, ինչպես նաեւ ապօրինի կերպով սառը զենք կրելու համար մեղադրվող Մուշեղ Սաղաթելյանի դատավճիռը:

Նախորդ դատական նիստում մեղադրողը պահանջել էր Սաղաթելյանին ազատազրկման ենթարկել 7 տարի ժամկետով:

Այսօր դատական վիճաբանությունների փուլն ավարտվեց, եւ դատարանը լսեց նախ Սաղաթելյանի պաշտպան Սեդա Սաֆարյանի պաշտպանական ճառը: Նա հայտարարեց, թե դատաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցները բավարար չեն, որպեսզի հաստատվի իր պաշտպանյալին առաջադրված մեղադրանքը: Պաշտպանի խոսքով` դատաքննության ընթացքում պաշտպանական եւ մեղադրական կողմերի համար հավասար պայմաններ չեն ստեղծվել, իսկ նախաքննությունն ընթացել է Քրեական դատավարության օրենսգրքի խախտումներով:

Սեդա Սաֆարյանի գնահատմամբ` մեղադրանքները, որոնք հիմնված են միայն ոստիկանների ցուցմունքների վրա, արժանահավատ չեն: Բացի այդ, պաշտպանը գտնում է, որ իր պաշտպանյալի նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվում նրա քաղաքական հայացքների համար:

«Գտնում եմ, որ դատարանը պետք է Մուշեղ Սաղաթելյանի նկատմամբ կայացնի երեք հոդվածներով էլ արդարացման դատավճիռ` ապացուցված չհամարելով նրան առաջադրված մեղադրանքը», - հայտարարեց փաստաբանը:

Կալանավայրերի նախկին պետ Մուշեղ Սաղաթելյանը նախագահական ընտրություններում Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի ներկայացուցիչն էր:

Այսօր դատարանի դահլիճում էր նաեւ մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի անդամ, «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը:

«Այն նիստերին, որոնց ես եմ եղել, հակասություններ կան նախաքննության մարմնի եւ այս նյութերի միջեւ` նկատի ունենք, ասենք, վկաների ցուցմունքները», - ասաց Արամ Հարությունյանը «Ազատություն» ռադիոկայանին: - «Համոզված եմ, որ դատարանը պիտի իր մեջ ուժ գտնի եւ կարողանա իրոք տարբերել, ինչպես ասում են` թացը չորից»:


Հովհաննես Շողիկյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG