Մատչելիության հղումներ

2009-ին երիտասարդների հիմնախնդիրների լուծմանն ուղղված պետական հատկացումները կաճեն 20 տոկոսով


Սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Արթուր Պողոսյանը «Մաքս Լիբերթի»-ին տված հարցազրույցում նշեց, որ բյուջեն այս տարի սոցիալական ուղղվածություն ունի, քանի որ ռազմավարության գերակայություններից երկուսը սոցիալ-տնտեսական հիմնախնդիրներին են վերաբերում:

«Մենք պետք է աջակցենք երիտասարդ ընտանիքներին եւ ամեն երեխայի ծննդի հետ ավելացնենք տրվող նպաստի գումարը մոտավորապես 30-40 տոկոսով: Նաեւ կավելանա մինչեւ 2 տարեկան երեխաներին տրվող ամսական նպաստը. 3 հազար դրամի փոխարեն կհատկացվի 18 հազար», - ասաց Պողոսյանը:

Հաջորդ խնդիրը, որը նախարարությունը առաջնային է համարում, երիտասարդ ընտանիքների բնակարանային պայմանների բարելավման ծրագիրն է: Արթուր Պողոսյանը նշեց, որ ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ, որն էլ համակարգելու է ծրագրի իրականացման գործընթացը:

«Խնդրի լուծման համար ունենք երկու միջոց: Առաջինը` բնակարանի համար հիփոթեքային վարկավորման տոկոսները կվճարի պետությունը, եւ երկրորդը` կտամադրի անհատույց վարկեր», - ասաց փոխնախարարը:

Վերոհիշյալ ծրագիրը նախատեսում է նաեւ երիտասարդ ընտանիքների բնակարանների վերանորոգում: Նախարարությունը այն իրականացնելու է, առաջին հերթին, սահմանամերձ գոտիներում: Բնակարանաշինության մասին, ըստ փոխնախարարի, պետք է մտածել 2010 թվականից հետո, քանի որ բյուջեն դեռ այդչափ մեծ չէ:

Արթուր Պողոսյանը վստահեցրեց, որ 2009-ին իրենց ուշադրության կենտրոնում պետք է լինի համայնքների համաչափ զարգացումը: Մարզերում արդեն գործում են երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոններ, նախարարությունը նախաձեռնել է կենտրոնների ստեղծում նաեւ Երեւանի համայնքներում, որպեսզի երիտասարդներին հուզող խնդիրները լուծվեն տեղում:

Հաջորդ տարվա բյուջեից գումարներ կծախսվեն նաեւ կրթական ոլորտի բարեփոխումներին աջակցելու նպատակով:

Մինչեւ դեկտեմբերի վերջ նախարարությունը պետք է մշակի ռազմավարությունից բխող միջոցառումների ծրագիրը:


Լիանա Մնացականյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG