Մատչելիության հղումներ

Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի եւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ այսօր Երեւանի քաղաքապետարանի հարեւանությամբ բացվեց Ռուսաստանի հրապարակը:

Հանդիսավոր արարողության ժամանակ իր ելույթում Դմիտրի Մեդվեդեւը նշեց, որ անկեղծորեն ուրախ է եւս մեկ անգամ լինել Հայաստանում եւ բացել Ռուսաստանի հրապարակը: Ըստ նրա, այս իրադարձությունը հաստատում է Ռուսաստանի եւ Հայաստանի եղբայրական զգացմունքների անկեղծությունը եւ խոսում երկու երկրների հարաբերությունների խորության մասին:

«Մենք այժմ գտնվում ենք մի հրապարակում, որն անվանվել է ի պատիվ մեր երկրի: Երախտիքի մեծ զգացումով մենք սա ընդունում ենք իբրեւ հարգանքի նշան ժողովրդավարական Ռուսաստանի եւ նրա ժողովրդի հանդեպ», - ասաց Դմիտրի Մեդվեդեւը` նշելով, որ նույնպիսի լիակատար վստահություն հայ ժողովրդի հանդեպ ունեն Ռուսաստանի քաղաքացիները:

«Մեզ համար թանկ են այս անկեղծ բարեկամական հարաբերությունները, եւ մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի մեր ռազմավարական գործընկերությունը ամրապնդվի եւ զարգանա», - ասաց Ռուսաստանի նախագահը` հավելելով. - «Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ կապերի հետագա ամրապնդմանը նպաստում է նաեւ բազմակողմանի համագործակցությունը, աշխարհում գոյություն ունեցող ամենատարբեր սպառնալիքների պատասխանների միասնական որոնումներում ակնհայտ առավելությունների ըմբռնումը»:

«Վստահ եմ, որ միջազգային ասպարեզում համաձայնեցված գործողությունները թե’ Կովկասում եւ թե’ աշխարհում անվտանգության, մեր դիրքերի ամրապնդման լրջագույն գործոն են: Անկեղծորեն ասում եմ` մենք ուղղակիորեն շահագրգռված ենք, որպեսզի հայ ժողովուրդը ապրի ուժեղ, ծաղկող եւ կայուն պետությունում», - հայտարարեց Դմիտրի Մեդվեդեւը:

Սերժ Սարգսյանը, իր հերթին, ընդգծեց, որ Երեւանի սրտում Ռուսաստանի հրապարակի բացումը հերթական անգամ հիշեցնում է երկու ժողովուրդներին միավորող խորը արմատների մասին:

«Թող այս հրապարակը դառնա ոչ միայն սիրելի զբոսավայր երեւանցիների եւ մեր հյուրերի համար, այլեւ մեր բարեկամությանը նվիրվածության եւս մեկ խորհրդանիշ` ի բարօրություն մեր երկրների եւ ժողովուրդներ», - հայտարարեց Հայաստանի նախագահը:


Ռուզաննա Ստեփանյան

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG