Մատչելիության հղումներ

logo-print

Մամուլի տեսություն


«Հրապարակ»-ը, անդրադառնալով կիրակի օրը կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին, գրում է. - «Այս ընտրություններում արձանագրվեցին մի շարք անակնկալներ. հաճելի` հասարակության, եւ տհաճ` իշխանության համար: Ինչ ասես արժի, ասենք, Հաղպատ կամ Ճոճկան գյուղերի բնակչության ցնծությունը, որոնք ազատվեցին գյուղապետի պաշտոնը վարկաբեկած, այն որպես տոհմական սեփականություն օգտագործող ճորտատեր-գյուղապետերից: Էջմիածին քաղաքում արձանագրվեց իշխանական թեկնածուի` Հակոբ Հակոբյանի խայտառակ պարտությունը: Սյունիքում պարտություն կրեցին Հանրապետականի մի շարք թեկնածուները, այդ թվում` Կապանի քաղաքապետը: Անշուշտ, այս հաղթանակները հեշտ չտրվեցին եւ առանց պայքարի չեղան»: Դառնալով Լեւոն-Տեր Պետրոսյանին սատարող ուժերի պասիվությանը ՏԻՄ ընտրություններում` խմբագրականի հեղինակը գրում է. - «Այդ ուժերն այդպես էլ հետեւողական պայքար չմղեցին, եւ նրանց կողմից սատարվող սակավաթիվ թեկնածուները պարտվեցին: Ինչը կրկին վկայում է ընդդիմության թուլության եւ պայքարելու անընդունակության մասին»:

«Առավոտ»-ը, արձանագրելով վերջին շաբաթներին ղարաբաղյան կարգավորման ոլորտում կուտակված նեգատիվ տեղեկատվությունը, գրում է. - «Պարզ է, որ սրանք հերթական բամբասանքներ կամ ինչ-ինչ շահարկումների նպատակով հրապարակ նետված խոսակցություններ չեն: Ընդ որում, հասարակության մեջ ահագնացող այս տագնապներն ավելի են խորանում նաեւ այն պատճառով, որ իշխանությունները` առնվազն նախագահի կամ արտգործնախարարի մակարդակով, քար լռություն են պահպանում: Այստեղ են ասել` բա ափսոս չէ՞ր Օսկանյանը, ով պարզաբանումներ անելուց երբեք չէր հրաժարվում, իսկ երբեմն էլ Հայաստանի համար առաջացած ամենավատ իրադրություններն անգամ այնպես էր ներկայացնում, որ անկեղծորեն ուրախանում էինք»:

Նույն թերթը «Մյասնիկի ձողը» վերնագրված հոդվածում մեջբերումներ է արել Ազգային ժողովի պատգամավոր Մյասնիկ Մալխասյանի քրեական գործից` բառացի, առանց խմբագրման մեջբերում նաեւ վկաների ցուցմունքներից: «Մենք միտումնավոր այս ցուցմունքը մեջբերեցինք առանց խմբագրման, որպեսզի ակնհայտ դառնա, որ նման գրագիտության տեր մարդը նման արտահայտություններ` «օրենքով չթույլատրված հանրահավաք» եւ այլն` կարող էր օգտագործել միայն քննիչի թելադրանքով: Վերջինս, ի դեպ, վկային սադրել է ցուցմունք տալ ինքն իր դեմ», - գրում է հեղինակը` վերջում որպես հետգրություն եզրահանգելով. - «Այս գործի նյութերն ընթերցելուց հետո կորցնում ես հավատը, թե մեզանում իրականում կա «բանկային գաղտնիք» եւ հեռախոսազրույցների գաղտնիություն: Անխտի’ր բոլոր բանկերը տրամադրել են տեղեկանքներ այս գործով անցնող անձանց բանկային հաշիվների եւ դրանցում գումարների շարժի մասին: Եվ կապի բոլո’ր օպերատորները տրամադրել են տեղեկանքներ, թե ինչ զանգեր են կատարվել տվյալ անձի հեռախոսից, ում են պատկանում այն հեռախոսահամարները, որոնց նա զանգել է եւ այլն: Մյասնիկ Մալխասյանի գործում 40 էջ են կազմում նման տեղեկանքները»:

Հայալեզու եւ ռուսալեզու մի շարք թերթեր հրապարակել են «Ազգային միաբանություն» կուսակցության առաջնորդ Արտաշես Գեղամյանի մտորումները Լեւոն Տեր-Պետրոսյանի հոկտեմբերի 17-ի ելույթի վերաբերյալ: «Անցած 20 տարիների ընթացքում թերեւս առաջին անգամ է, որ հետեւեցի Լեւոն Տեր-Պետրոսյանի խորհրդին` ուշադիր ընթերցեցի նրա ելույթը եւ իմ խոսքով փորձում եմ սկիզբ դնել, ինչպես ինքն է ասում, «Ղարաբաղի հարցի վերաբերյալ վաղուց սպասված լուրջ հասարակական բանավեճի»: Եվ այսպես, ո՞ւմ էր ուղղված Լեւոն Տեր-Պետրոսյանի ճառը, ի՞նչ խնդիրներ փորձեց իր ելույթով լուծել նա եւ ի՞նչ հետեւություններ, այո, դասեր պետք է քաղեն այդ ելույթից թե’ մեր ժողովուրդը եւ թե’ իշխանությունները: Արդյո՞ք պատահական էր հանրահավաքի անցկացման ժամանակը, որը տեղի ունեցավ Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդեւի Հայաստան կատարելիք այցի ճիշտ նախաշեմին: Եթե, Լեւոն, ասածներիդ մեջ համոզված ես, ապա ինչո՞վ բացատրել, որ ելույթիդ վերջնամասում փոխանակ կոչ անես մոլորված համակիրներիդ իրենց հարեւան-բարեկամների հետ ոտքի ելնեն` թույլ չտալու նման «կործանարար» կամ «առնվազն անբարենպաստ» զարգացումները, դրանց առաջն առնելու փոխարեն հանրահավաքի ժամանակ հայտարարում ես «զանգվածային միջոցառումներից միառժամանակ հրաժարվելու համարձակ եւ պատասխանատու» քայլ կատարելու մասին», - գրում է Գեղամյանը:

«168 ժամ»-ին տված հարցազրույցում Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը, անդրադառնալով Տեր-Պետրոսյանի հորդորին` զանգվածային միջոցառումները ժամանակավոր դադարեցնելու վերաբերյալ, ասում է. - «Ես չեմ կարծում, թե ճիշտ է այսօր, այս փուլում «թայմ աութ» հայտարարելը: Դա ամենեւին էլ չի կարող նպաստել այս դժվարին փուլից պատվով դուրս գալու համար ազգային կարողությունների մոբիլիզացմանը»:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG