Մատչելիության հղումներ

60-ամյա ֆրանսուհին ինքնահրկիզվել է` բողոքելով հայ ընկերոջ արտաքսման դեմ


Կիրակի օրը մահացել է 60-ամյա ֆրանսուհի Ջոզիան Նարդին, ով ինքնահրկիզվել էր` ի նշան հայ ընկերոջը Հայաստան արտաքսելու որոշման դեմ բողոքի:

«Ֆրանսպրես» գործակալության փոխանցմամբ` ֆրանսուհին շաբաթ օրը ինքնահրկիզվել էր Ֆրանսիայի արեւմուտքում գտնվող Լը Մանս քաղաքի կալանավայրի դիմաց, իր իսկ կազմակերպած` տեղական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ: Նա երրորդ աստիճանի այրվածքներով տեղափոխվել էր Տուր քաղաքի հիվանդանոց, որտեղ մեկ օր անց մահացել է:

Լրագրողները նշել են, որ տեղյակ չէին կնոջ մտադրության մասին եւ չեն կարողացել խանգարել նրան:

«Նա ալկոհոլով լի մի շիշ հանեց, եւ երբ մենք մոտեցանք նրան` չափազանց ուշ էր», - պատմել է վկաներից մեկը:

Թղթակիցներից մեկը հիվանդանոց է տեղափոխվել շոկային վիճակում, մեկ այլ լրագրող` ձեռքի այրվածքներով:

Նարդիի հայազգի ընկերը` 31-ամյա Հենրիկ Օրուջյանը ապօրինի ներգաղթյալ է եւ տարբեր հանցագործությունների համար երկու տարով ազատազրկվել էր` մինչեւ արտաքսման կենտրոն փոխադրվելը: Իրավապաշտպան կազմակերպություններից մեկի վկայությամբ` Օրուջյանը շաբաթ երեկոյան ազատ է արձակվել առողջական պատճառներով, եւ նրա նկատմամբ տնային կալանք է սահմանվել:

Լը Մանսի քաղաքապետ Ժան-Կլոդ Բուլարը հրահանգել է քննություն անցկացնել, որը, ըստ նրա, պետք է պատասխան տա այն հարցին, թե ինչպես է «կինը հասցվել նման ծայրահեղ զոհաբերության` իր ընկերոջը փրկելու համար»:

«Շարժում ընդդեմ ռասիզմի եւ հանուն ժողովուրդների բարեկամության» իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարել է, որ տեղի ունեցածը հարցեր է բարձրացնում ապօրինի ներգաղթյալների դեմ Ֆրանսիայում մղվող պայքարի հետ կապված:

Ֆրանսիական կառավարությունը 2008 թվականի համար իր առջեւ նպատակ է դրել արտաքսել 25 հազար ապօրինի ներգաղթյալների: Անցած տարի Ֆրանսիայից արտաքսվել են 24 հազար ապօրինի ներգաղթյալներ:

Այդուհանդերձ, կառավարության խոսնակ Լյուկ Շատելը հայտարարել է, որ տեղի ունեցածը քիչ է առնչվում ապօրինի ներգաղթի խնդրին, եւ ընդգծել է, որ Օրուջյանը երեք դատվածություն ունի: Նա շեշտել է նաեւ, որ հայազգի երիտասարդը պարբերաբար անտեսել է արտաքսման հրահանգները, թեեւ կին եւ երեխա ունի Հայաստանում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG