Մատչելիության հղումներ

Նախնական արդյունքներով` Էջմիածնի քաղաքապետ է ընտրվել Կարեն Գրիգորյանը


Կիրակի օրը Էջմիածնում անցկացված քաղաքապետի ընտրությունների նախնական արդյունքներով, հաղթել է պաշտպանության նախկին փոխնախարար, Երկրապահ կամավորականների միության նախագահ Մանվել Գրիգորյանի որդին` Կարեն Գրիգորյանը:

Ինչպես տեղեկացրեց թիվ 19 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Մովսես Քարտաշյանը, ընտրություններին մասնակցել է 20 հազար 527 ընտրող կամ` ընտրողների ընդհանուր թվի 50,5 տոկոսը: Ըստ նախնական արդյունքների` Կարեն Գրիգորյանի օգտին տրվել է 12 հազար 208 քվե, նրա հիմնական մրցակից Հակոբ Հակոբյանը, ում սատարում է իշխող Հանրապետական կուսակցությունը, ստացել է 6 հազար 994 ձայն, իսկ երրորդ թեկնածուն` Արտակ Պողոսյանը, ստացել է 169 ձայն:

Այսօր Էջմիածնի քաղաքապետարանի շենքի մոտ հավաքված բազմությունը շրջապատել էր Մանվել Գրիգորյանին:

«Ինչո՞վ եք բացատրում այն հանգամանքը, որ Հակոբ Հակոբյանը չհաղթեց` իշխանությունը սատարում էր նրան», - «Ազատություն» ռադիոկայանի այս հարցին Մանվել Գրիգորյանը արձագանքեց. - «Իշխանությունը չի սատարել, ինքը մոգոնել է, հնարել է: Իշխանությունը ժողովուրդն է, իսկ ժողովուրդը չսատարեց: Կարող է անհատներ եղել են, պահել են, բայց իշխանությունից ես նման հայտարարություն չեմ լսել: Հակառակը` իսկական իշխանությունը ժողովուրդն է, ժողովուրդը չսատարեց»:

Հանրապետական կուսակցության փոխնախագահ Գալուստ Սահակյանը նույն հարցի առնչությամբ «Ազատություն» ռադիոկայանին ասաց. - «Բայց մեր սատարելը չի նշանակում, որ պարտադրված գործողություններ ենք անում: Ընտրությունները հենց դրա համար են` մեկը պարտվում է, մյուսը` հաղթում»:

Իսկ Հակոբ Հակոբյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, թե եղել են ընտրախախտումներ: Նա տեղեկացրեց, որ ուսումնասիրում է իր վստահված անձանց ներկայացրած տվյալները ընտրախախտումների վերաբերյալ, եւ առայժմ ճշտում է, թե որքանո՞վ են դրանք ստույգ: Հակոբյանը փոխանցեց, որ հավանաբար վաղը հանդես կգա քաղաքական հայտարարությամբ:

Հաղթող թեկնածուն` Կարեն Գրիգորյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարեց, որ Հանրապետականի աջակցությունը վայելող թեկնածուի պարտությունը դրեց նոր ավանդույթի սկիզբը. - «Որ դա կլինի նախադեպ հանրապետությունում` միանշանակ է: Ամեն հիմքերը սկսում են Էջմիածնից»:

Գեներալ Մանվել Գրիգորյանը պաշտպանության փոխնախարարի պաշտոնից ազատվել է այս տարվա ապրիլի 2-ին` նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով, ենթադրաբար` Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած ընդդիմադիր շարժմանը աջակցելու համար:


Անուշ Մարտիրոսյան

(Լուսանկարում` Մանվել Գրիգորյան)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG