Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ի նախագահական ընտրություններից մոտ երկու շաբաթ առաջ դեմոկրատ թեկնածու Բարաք Օբամային իր աջակցությունն է հայտնել նախկին պետաքարտուղար, հանրապետական Քոլին Փաուելը:

NBC հեռուստաընկերության եթերում Փաուելը, մասնավորապես, հայտարարել է. - «Օբաման համապատասխանում է լավ, բացառիկ նախագահ լինելու չափանիշներին: Նա անցումային փուլի գործիչ է: Օբաման այն նոր սերունդն է ներկայացնում, որը սկսում է տեղ զբաղեցնել քաղաքական դաշտում` թե’ Միացյալ Նահանգներում եւ թե’ ամբողջ աշխարհում: Սա է պատճառը, որ ես քվեարկելու եմ սենատոր Բարաք Օբամայի օգտին»:

Քոլին Փաուելը ամերիկյան քաղաքականության ամենահեղինակավոր գործիչներից է: 1979 թվականին նա բանակային գեներալի կոչում է ստացել, 1987-89 թվականներին Ռոնալդ Ռեյգանի վարչակազմում աշխատել է որպես ազգային անվտանգության գծով խորհրդական, Ջորջ Բուշ-ավագի նախագահության տարիներին զբաղեցրել է ամերիկյան զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնը` 1991 թվականին ղեկավարելով հակաիրաքյան կոալիցիայի գործողությունները Ծոցի պատերազմում: 1996 թվականին շատերը հենց Փաուելի անունն էին նշում որպես Հանրապետական կուսակցությունից նախագահության ամենահավանական թեկնածու, սակայն պաշտոնաթող գեներալը գերադասեց չմասնակցել նախընտրական պայքարին: 2001 թվականին` արդեն Ջորջ Բուշ-կրտսերի օրոք, Փաուելը նշանակվել է պետքարտուղար:

Անդրադառնալով դեմոկրատ թեկնածուին պաշտպանելու վերաբերյալ Քոլին Փաուելի որոշմանը` ԱՄՆ-ի նախագահի հանրապետական թեկնածու Ջոն ՄըքՔեյնը հայտարարել է. - «Ես շատ հարգում եւ սիրում եմ գեներալ Փաուելին: Մենք վաղեմի բարեկամներ ենք: Օբամային պաշտպանելու նրա որոշումն ինձ համար անակնկալ չէր: Դրա հետ մեկտեղ, ես ուրախությամբ պետք է նշեմ, որ ինձ պաշտպանում են չորս նախկին պետքարտուղարներ` Հենրի Քիսինջերը, Ջեյմս Բեյքերը, Lոուրենս Իգլբերգերն ու Ալեքսանդր Հեյգը: Բացի այդ, ես հպարտությամբ պետք է նշեմ, որ ինձ աջակցում են 200 պաշտոնաթող գեներալներ ու ծովակալներ: Բայց, միեւնույն է, ես շատ սիրում ու հարգում եմ պետքարտուղար Փաուելին»:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG