Մատչելիության հղումներ

Երեւանում կայացավ հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի նիստը


Այսօր Երեւանում կայացավ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ տնտեսական համագործակցության հարցերով հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի 10-րդ նիստը:

Հանձնաժողովի համանախագահներ` Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ Ռուսաստանի տրանսպորտի նախարար Իգոր Լեւիտինը ստորագրեցին նիստի արձանագրությունը:

Փաստաթղթի ստորագրման արարողությանը հաջորդած ասուլիսի ժամանակ հանձնաժողովի համանախագահները հայտնեցին, որ նիստն անցել է փոխհամաձայնության եւ գործակցության մթոլորտում:

Տիգրան Սարգսյանը գոհունակություն հայտնեց ձեռք բերված պայմանավորվածությունների կապակցությամբ եւ հույս հայտնեց, որ դրանք արդյունավետ կիրականացվեն:

Լեւիտինի խոսքով` անցած տարիների աշխատանքները ցույց են տվել, որ հանձնաժողովը հանդիսացել է արդյունավետ գործիք բիզնեսի աջակցության համար:

Նիստում քննարկված կարեւոր հարցերի վերաբերյալ Հայաստանի վարչապետն ասաց. - «Նախկինում մենք կենտրոնացած էինք, հիմնականում, էներգետիկայի ոլորտի վրա, որտեղ այսօր կարող ենք արձանագրել, որ բոլոր հիմնախնդիրները արդեն իսկ լուծված են: Դա մեզ հնարավորություն է տալիս ընդլայնել համագործակցության ոլորտը եւ ուշադրություն հրավիրել նաեւ արդեն այլ խնդիրների վրա: Մասնավորապես, օրինակ, հեռուստատեսության հաղորդումների ոլորտում մենք արձանագրեցինք, որ սկսում ենք նոր երկխոսություն»:

Հանձնաժողովի նիստում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է «Մարս» գործարանը տեխնոպարկ դարձնելու ծրագիրը: Իգոր Լեւիտինի փոխանցմամբ` «Մարս» գործարանը կհանձնվի կառավարման «Սիտրոնիքս» ռուսական ընկերությանը, որը մշակել է նոր տեխնոլոգիաների արտադրանքի ծրագիր եւ ներկայացրել հայկական կողմին:

«Բայց որպեսզի հնարավոր լինի մյուս երկրների համեմատ արդյունավետ եւ մրցակցային արտադրանք ստանալ, անհրաժեշտ է այդտեղ ստեղծել կա’մ ազատ տնտեսական գոտի, կա’մ` տեխնոպարկ», - ընդգծեց Իգոր Լեւիտինը: Նա հույս հայտնեց, որ հայկական կողմը, ուսումնասիրելով բիզնես-ծրագիրը, ընդառաջ կգնա ընկերությանը:

Ինչ վերաբերում է Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ բլոկին, ապա այն եւս կհանձնվի միասնական կառավարման: Նոր ծրագրերի առումով քննարկման է արժանացել ճանապարհային բիտումի արտադրության նախագիծը: Նախատեսվում է ստանալ 45-50 հազար տոննա արտադրանք, որի 2/3-ը կմնա Հայաստանում, իսկ մնացածը կարտահանվի: Ըստ Իգոր Լեւիտինի, այդպիսով կբացվի մոտ 150 նոր աշխատատեղ:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին` արդյոք հանձնաժողովը քննարկե՞լ է Իրան-Հայաստան երկաթգծի եւ նոր ատոմակայանի կառուցման ծրագրերում ռուսական կողմի մասնակցության հնարավորությունը, Տիգրան Սարգսյանը արձագանքեց. - «Դեռեւս հարցը գտնվում է քննարկման փուլում, քանի որ պատրաստվում են էքսպերտների գնահատականները` էֆեկտիվության մասին, եւ, բնականաբար, որոշումներ կկայացվեն միայն այն բանից հետո, երբ ուսումնասիրությունները կավարտվեն»:


Հովհաննես Շողիկյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG