Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ի եւ Եվրամիության ղեկավարները քննարկել են ֆինանսական ճգնաժամի հաղթահարման ուղիները


ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշը Մերիլենդ նահանգում գտնվող Քեմփ Դեյվիդի առանձնատանը անցած շաբաթավերջին հյուրընկալել է Եվրամիությունում նախագահող երկրի` Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիին եւ Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուին:

Քեմփդեյվիդյան քննարկումների օրակարգում միջազգային ֆինանսական ճգնաժամը հաղթահարելու խնդիրն էր: Միացյալ Նահանգների ղեկավարը հայտնել է, որ առաջիկայում Վաշինգտոնը մտադիր է կազմակերպել միջազգային մի շարք գագաթնաժողովներ, որոնք նվիրված կլինեն ճգնաժամի կարգավորմանը: Առաջին նմանօրինակ հավաքը տեղի կունենա նոյեմբերի 4-ին Միացյալ Նահանգներում կայանալիք նախագահական ընտրություններից քիչ ժամանակ անց, սակայն գագաթնաժողովի ստույգ ժամկետն այս պահին որոշված չէ:

Քեմփ Դեյվիդի բանակցություններից հետո Սարկոզին, խոսելով իր եւ Բարոզուի այցի առաքելության մասին, ասել է. - «Մենք Եվրամիության անունից փոխանցել ենք Ամերիկայի մեծ ժողովրդին, որ հարկ է համատեղ ջանքերով կառուցել նոր աշխարհ` 21-րդ դարի աշխարհը, չի կարելի ժամանակ կորցնել, անհրաժեշտ է Մեծ ութնյակի գագաթնաժողով, լուծումները պետք է գտնենք միասին, այդ թվում՝ Ասիայի հետ»:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունը Սարկոզիին առաջարկել է հավաքն անցկացնել Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի կենտրոնակայանում, հավելելով, թե «ժողովը անհրաժեշտ է կազմակերպել ամենաուշը դեկտեմբերի սկզբին»:

Ջորջ Բուշը Քեմփ Դեյվիդում եվրոպացի հյուրերի հետ բանակցելուց հետո ասել է, որ կարգավորելով շուկայի աշխատանքը, «հարկ է միաժամանակ ամեն ինչ անել` պահպանելու համար ժողովրդավարական կապիտալիզմի սկզբունքը՝ ազատ շուկան»:

Նիկոլա Սարկոզին, իր հերթին, ասել է, որ առաջիկա գագաթնաժողովի ընթացքում պետք է փորձել բարեփոխել Երկրորդ աշխարհամարտից հետո ստեղծված միջազգային ֆինանսական համակարգը:

«Բուշն արդարացի է` ասելով, որ շուկայի ազատությունը կասկածի տակ առնելն աղետալի կլինի: Եվ, այնուամենայնիվ, շուկայական տնտեսությանն անհրաժեշտ են խաղի կանոններ: Ազատությունը գոյություն ունի միայն այն ժամանակ, երբ կա պատասխանատվություն, երբ մեղավորը պատասխանատվություն է կրում», - ընդգծել է Ֆրանսիայի ղեկավարը:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG