Մատչելիության հղումներ

Այսօր Հայաստան է ժամանում Դմիտրի Մեդվեդեւը


Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով, երկուշաբթի երեկոյան երկօրյա պաշտոնական այցով Հայաստան է ժամանում Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը:

Սա Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնում Դմիտրի Մեդվեդեւի առաջին այցն է Հայաստան, թեեւ երկու երկրների նախագահները այս տարի արդեն չորս անգամ հանդիպել են` մարտի 24-ին եւ հուլիսի 24-ին` Մոսկվայում, հունիսի 6-ին կարճատեւ հանդիպում են ունեցել Սանկտ Պետերբուրգում, եւ սեպտեմբերի 2-ին` ռուս - վրացական ռազմական հակամարտության ավարտից հետո մի քանի շաբաթ անց, Սոչիում:

Այցի շրջանակներում Դմիտրի Մեդվեդեւը վաղը կմասնակցի Երեւանում Ռուսաստանի հրապարակի բացման հանդիսավոր արարողությանը եւ կայցելի Ծիծեռնակաբերդ, որտեղ ծաղկեպսակ կդնի Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին:

Նույն օրը կկայանա երկու երկրների նախագահների հանդիպումը լրագրողների հետ:

Մեդվեդեւի այցին նախորդել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի այցը Երեւան:

Այցի ժամանակ «Ռոսիյսկայա գազետա»-ին տված հարցազրույցում Լավրովը, անդրադառնալով ղարաբաղյան խնդրին, մասնավորապես, հայտարարել էր. - «Հանգուցալուծումը միանգամայն իրական է»:

Քաղաքագետներից շատերն են նշում, որ վերջին երկու ամիսներին` վրաստանյան հայտնի իրադարձություններից հետո, պաշտոնական Մոսկվան զգալիորեն ակտիվացել է Ղարաբաղի խնդրի կարգավորման հարցում:


Ազա Բաբայան, Մոսկվա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG