Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Այսօրվա թերթերում շատ են անդրադարձները երեկվա հանրահավաքին:

«Գոլոս Արմենիի»-ն գրում է. - «Նախորդ հանրահավաքին Լեւոն Տեր-Պետրոսյանի արցունքալի աղերսները` կոչով, որ տասնյակ հազարներով գան հոկտեմբերի 17-ի հերթական «որոշիչ» հանրահավաքին, չաշխատեց: Հանրահավաքին մասնակցեցին Լեւոն Տեր-Պետրոսյանի նոսրացող կոհորտայի նույն ներկայացուցիչները: Եկան, որպեսզի լսեն ընդդիմության գործողություններում դարակազմիկ շրջադարձերի մասին խոստացված ճառը: Եվ լսեցին: Լեւոն Տեր-Պետրոսյանի շուրջ մեկ ժամանոց ելույթի մեխը կայանում էր վերջամասում, որտեղ արմատականների առաջնորդը որոշեց մոտակա երկու ամսում հրաժարվել զանգվածային ելույթներից (հանրահավաք, երթ), որպեսզի դժվար իրավիճակում չխանգարի իշխանություններին: Դա, իհարկե, չի նշանակում քաղաքական պայքարից հրաժարում. իբր, կշարունակվի Հայ ազգային կոնգրեսի ձեւավորումը, «քաղբանտարկյալների» ազատման համար պայքարը: Տեր-Պետրոսյանը, կանխատեսելով թայմ-աութի հանդեպ բնական ռեակցիան, կոչ արեց հապշտապ եզրակացություններ չանել եւ ընդգծեց, որ ընդմիջում է հայտարարվում ոչ թե շարժման վայրէջքի, այլ վերելքի պահին: Այ, դա իզուր արեց: Քաղաքականության մեջ, ինչպես եւ ամենուր, պետք է ստել չափավոր»:

«Չորրորդ իշխանություն»-ը նույն առիթով գրում է. - «Բայց մյուս կողմից էլ, երեկվա հանրահավաքն, անշուշտ, շարժման եւ անձամբ Լեւոն Տեր-Պետրոսյանի մեծագույն հաղթանակն էր: Երեկվա հանրահավաքով Լեւոն Տեր-Պետրոսյանը փաստորեն քաղաքական որոշումներ ընդունելու իրավունք ձեռք բերեց, որովհետեւ երեկ ժողովուրդը Մատենադարանի մոտ իր ներկայությամբ ապացուցեց, որ վստահում է նրան: Ավելին` երեկ պարզ դարձավ, որ շարժման ղեկավարներն այլեւս կարող են չվախենալ «ոչ պոպուլյար» որոշումներ ընդունելուց, որովհետեւ վստահության բավարար պաշար ունեն: Մեծ հաշվով, խնդիրն այն չէ` ճի՞շտ որոշում է կայացրել Լեւոն Տեր-Պետրոսյանը, թե ոչ: Խնդիրն այն է` վստահո՞ւմ է նրան ժողովուրդը, թե ոչ»:

Նույն առթիվ «Հայոց Աշխարհ»-ը իր հրապարակման մեջ նշում է. - «Հայ ազգային կոնգրեսի կազմակերպած երեկվա միտինգը եւ դրան հաջորդած երթը այս տարվա ընթացքում վերջինն էր։ Եվ դեռ հայտնի չէ, թե այն «ռազմավարությունը», որ երեկ առաջնորդը ներկայացրեց Մատենադարանի «հարթակից», հեղափոխականները կկարողանա՞ն ընդհանրապես 2009-ին մեռյալ կետից վերսկսել իրենց պայքարը։ Ի դեպ, նկատենք, որ ազատագրական շարժման ընթացքում երբեք նման կարճ միտինգ չէր եղել, ինչը տեղի ունեցավ երեկ։ Այն տեւեց մեկ ժամից էլ պակաս, իսկ միտինգավորների թիվը, չնայած շարժման ղեկավարության ջանքերին, չափազանց քիչ էր։ Այն, որ շարժումը մարել է եւ հեղափոխականների պայքարը մտել փակուղի, իրողություն է։ Եվ որքան էլ առաջնորդը ձեւացնի, թե նման բան չկա, այնուհանդերձ այն «դժվարամարսելի որոշումը», որ կայացրել է Լեւոն Տեր-Պետրոսյանը, ինչն էլ երեկ ներկայացրեց ելույթի վերջում, հենց շարժման պայքարի անհեռանկարայնությամբ է պայմանավորված»։

«Առավոտ»-ը գրում է. - «Մեզ հաջողվել է հավելյալ տեղեկություններ հավաքել «Մարտի 1»-ի դեպքերի վերաբերյալ: Այդ տեղեկությունների աղբյուրը չենք հրապարակի` նրան վտանգի չենթարկելու համար: Մեր աղբյուրի պատմելով` մարտի 1-ի ուշ երեկոյան, երբ Գրիգոր Լուսավորիչ փողոց տանող բոլոր մուտքերը փակված էին ոստիկանների եւ ներքին զորքերի հարձակման փորձերից պաշտպանվող քաղաքացիների կողմից կառուցված բարիկադներով, եւ երբ Երեւանում արդեն կրակոցներ էին հնչում, ուժայիններն էլ Մյասնիկյանի արձանի մոտ հավաքված մի քանի հարյուր հազար մարդկանց փորձում էին վախեցնել կամ խուճապի մատնել, այսպես կոչված` «տրասիրույուշչի» կրակոցներով եւ հատուկ միջոցների կիրառմամբ, իսկ Մաշտոցի պողոտայի եւ Պարոնյան փողոցի խաչմերուկում իսկական մարտեր էին ընթանում ուժայինների եւ առանձին քաղաքացիների միջեւ, ՀՀ ոստիկանության ներքին զորքերի ժամկետային զինծառայողներին հրամայվել էր կրակել մարդկանց վրա: Ժամկետային զինծառայողները, որոնք չէին կատարել հրամանը եւ հարվածներ էին ստացել սեփական հրամանատարի կողմից, տեսնելով, որ վիճակը գնալով անկանխատեսելի է դառնում, մաս-մաս լքել էին իրենց դիրքերն ու Սուրբ Սարգիս եկեղեցուն հարող կամրջի վրայով փախել դեպի «Մետրոպոլ» հյուրանոցի կողմն ու «Հաղթանակ» կամրջի մոտով անվտանգ տեղ գտնելու հույսով մտել էին Զանգվի ձոր: Նրանց մի մասն արդեն վիրավորված է եղել, բայց մի քանիսը կարողացել են հասնել Կիլիկիա կոչվող թաղամաս»:

«Հրապարակ»-ը փոխանցում է. - «Անդրադառնալով Տիգրան Թորոսյանի վերլուծական հոդվածին, որում նախկին խոսնակն անխնա քննադատում էր ոչ վաղ անցյալում իր անմիջական շեֆ Սերժ Սարգսյանին ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում` մեղմ ասած, ոչ ճիշտ դիրքորոշում որդեգրելու համար, ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանն ասել է. - «Մի մարդ, որը երկար ժամանակ եղել է կուսակցության անդամ եւ այնտեղից հեռանալուց մի քանի օր հետո սկսում է քննադատել իր կուսակցական լիդերին... Ինչո՞ւ այն ժամանակ չէր բարձրացնում այդ հարցերը, չէ՞ որ այդ կուրսը, որը Սերժ Սարգսյանն իրականացնում էր տարբեր ոլորտներում, կար եւ այն ժամանակ: Սա խոսում է այն մասին, որ նա խիստ նեղացած է կուսակցությունից, որ իրեն համապատասխան պաշտոնում չթողեցին»:


Աղասի Ենոքյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG