Մատչելիության հղումներ

logo-print

Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարում է զանգվածային միջոցառումների ժամանակավոր դադարեցման մասին


Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը ուրբաթ օրը կայացած հանրահավաքում հայտարարեց զանգվածային միջոցառումները ժամանակավորապես դադարեցնելու մասին:

«Իշխանության համար մղվող քաղաքական պայքարում ամեն ինչից վեր դասելով ազգային եւ պետական շահը, ես հայտարարել էի, որ Ղարաբաղի դեմ ռազմական սպառնալիքի առաջացման դեպքում կոչով կդիմեմ Համաժողովրդական շարժման մասնակիցներին, խնդրելով ժամանակավորապես դադարեցնել իրենց գործողությունները եւ լծվել համազգային պայքարի նվիրական գործին։ Ղարաբաղյան հակամարտության մոտալուտ հանգուցալուծումը, իր պարունակած վտանգներով հավասարազոր լինելով ռազմական սպառնալիքի, կարծում եմ, հրատապ է դարձնում այդ կոչի իրականացումը», - հայտարարեց առաջին նախագահը` պարզաբանելով. - «Խոսքը չի վերաբերում, անշուշտ, Շարժման գործունեության լիակատար սառեց-մանը, այլ միայնումիայն զանգվածային միջոցառումների՝ համահանրապետական հանրահավաքների եւ երթերի ժամանակավոր դադարեցմանը։ Նամանավանդ, որ դադարը երկար չի տեւելու, քանի որ Ղարաբաղյան հակամարտության հանգուցալուծումը ընդա-մենը երկու-երեք ամիսների հարց է։ Իսկ եթե այդ ժամկետը, նոր հանգամանքների ներործությամբ, մասնավորապես, միջազգային ֆինանսական ճգնաժամի խորացման պատճառով, որոշ չափով ձգձգվի, մենք միշտ էլ հնարավորություն կունենանք ճշգրտել մեր ռազմավարությունը եւ անհրաժեշտ պահին վերսկսել զանգվածային միջոցառումները»։

Տեր-Պետրոսյանը «աննախադեպ» որակեց աշխարհաքաղաքական այն իրավիճակը, որում հայտնվել է Հայաստանը վերջին ժամանակներս: «Անկախության 17 տարիների ընթացքում մեր երկիրը երբեք այնքան ենթակա չի եղել արտաքին ճնշումների, որքան հիմա», - հայտարարեց նա:

«Եվ այս վտանգավոր իրավիճակում Սերժ Սարգսյանը, պետական շահի կամ ժողովրդի բարօրության գիտակցությամբ առաջնորդվելու փոխարեն, մտահոգված է բացառապես իր լեգիտիմության ճանաչման եւ իշխանության պահպանման խնդիրներով։ Ընդ որում, վերջին շրջանում նրա կատարած քայլերը ցույց են տալիս, որ հանուն այդ նպատակների նա պատրաստ է վերանայել անգամ Հայաստանի արտաքին քաղաքականության հայեցակարգը եւ Ռուսաստանի ու Արեւմուտքի հետ հարաբերություններում հավասարակշռություն պահպանելու փոխարեն, աստիճանաբար թեքվել վերջինիս կողմը», - ասաց Տեր-Պետրոսյանը:

«Երես թեքելով Ռուսաստանից եւ լիովին ապավինելով Արեւմուտքին՝ հանձինս ԱՄՆ-ի եւ նրա դաշնակից Թուրքիայի, Սերժ Սարգսյանը փաստորեն վերջիններիս է վստահում Հայաստանի արտաքին քաղաքականության ամենահանգուցային խնդրի՝ Ղարաբաղյան հակամարտության միակողմանի կարգավորումը։ Նման եզրակացության հիմք է տալիս այն իրողությունը, որ Արեւմուտքն, ակնհայտորեն, ջանում է Ռուսաստանը դուրս մղել Ղարաբաղյան կարգավորման գործընթացից։ Դրա ամենավառ արտահայտությունն են ինչպես արեւմտյան դիվանագետների թափանցիկ ակնարկները, այնպես էլ Ղարաբաղի հարցով հայ-թուրք-ադրբեջանական եռակողմ բանակցությունների անցկացման փաստը, եւ մանավանդ՝ Թուրքիայի կողմից Մինսկի խմբի համանախագահությունն ստանձնելու հնարավորությունների վերաբերյալ խոսակցությունները։ Ի դեպ, Սերժ Սարգսյանը տվյալ պահին այնպիսի կախյալ վիճակի մեջ է Արեւմուտքից, որ եթե նրա առջեւ պահանջ դրվի Մինսկի խմբի համանախագահությունում Ռուսաստանը փոխարինել Թուրքիայով, ապա նա հազիվ թե կարողանա ընդդիմանալ դրան», - ասաց առաջին նախագահը` շարունակելով. - «Ըստ այդմ, այսօր վտանգի տակ է Մինսկի խմբի գոյությունը, որը տասնվեց տարի շարունակ եղել է Լեռնային Ղարաբաղի հարցի լուծման միակ միջազգային մեխանիզմը։ Իր բոլոր թերություններով հանդերձ, Մինսկի խումբը, Արեւմուտքի եւ Ռուսաստանի հավասարաչափ ներկայացվածության եւ մասամբ նաեւ նրանց միջեւ գոյություն ունեցող մրցակցության շնորհիվ, մեզ համար եղել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարմարագույն կամ օպտիմալ ձեւաչափը»։

Մինսկի խմբի ձեւաչափի փոփոխությունը, ըստ Լեւոն Տեր-Պետրոսյանի, նշանակում է «Ղարաբաղի հարցի միակողմանի լուծում Արեւմուտքի կողմից, այն էլ Թուրքիայի ամենագործոն մասնակցությամբ, ինչը Հայաստանի համար ամենեւին նպաստավոր չի կարող լինել»։

«Սերժ Սարգսյանն, ըստ էության, կանաչ լույս է ստացել Արեւմուտքից՝ ներքին քաղաքականության բնագավառում գործելու սեփական հայեցողությամբ, ինչի վկայությունն են, մասնավորապես, ժողովրդի դեմ վերջերս սաստկացած ոստիկանական բռնությունները։ Սեփական արժեքները մանրադրամի վերածելու Արեւմուտքի այս վարքագիծը, անբարոյական լինելուց առավել, Հայաստանի ու Ղարաբաղի դեմ նյութվող դավադրության տարր է պարունակում», - հայտարարեց առաջին նախագահը:

«Հոկտեմբերի 15 ին Ադրբեջանում կայացած նախագահական ընտրություններից հետո Արեւմուտքը եւ Թուրքիան ուժեղացնելու են իրենց ճնշումը Հայաստանի վրա եւ արագացնելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը, միաժամանակ ձգտելով դրանից դուրս մղել Ռուսաստանը», - համոզված է առաջին նախագահը:

«Միանգամայն ակնհայտ է, որ մենք կանգնած ենք Ղարաբաղյան հակամարտության մոտալուտ հանգուցալուծման շեմին։ Կարգավորման հիմքում, անկասկած, ընկած է լինելու 2007 թվականի դեկտեմբերին Մինսկի խմբի համանախագահության անունից հակամարտող կողմերին ներկայացված Մադրիդյան առաջարկը, որի գաղափարախոսությունը միջազգային իրավունքի երկու սկզբունքների՝ տարածքային ամբողջականության եւ ազգերի ինքնորոշման ներդաշնակումն է», - ասաց Տեր-Պետրոսյանը: - «Նկատի ունենալով, որ ակնհայտորեն խնդիր է դրված Լեռնային Ղարաբաղի հակամարտության եւ հայ-թուրքական հարաբերությունների կնճիռը լուծել փաթեթով, չպետք է բացառել, որ փորձ արվի այդ փաթեթում ընդգրկել նաեւ ցեղասպանության ուսումնասիրության նպատակով հայ եւ թուրք պատմաբաններից կազմված հանձնաժողովի ստեղծման հարցը»։

Միաժամանակ, առաջին նախագահի համոզմամբ, «անզեն աչքով իսկ տեսանելի է, որ գոյություն ունեն մի շարք արդյունավետ քայլեր, որոնք ի վիճակի են թուլացնել արտաքին ճնշումները եւ ուժեղացնել Հայաստանի իշխանությունների դիրքերը Ղարաբաղյան կարգավորման առաջիկա բանակցություններում»։

«Քայլեր ասելով, ես նկատի չունեմ հայ ժողովրդի միասնականության մասին հնչեցված դատարկ կոչերը, որոնցով Սերժ Սարգսյանը վերջերս հանդես է եկել ԱՄՆ-ի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում, այլ միանգամայն կոնկրետ քաղաքական նախաձեռնություններ, այն է. 1) Մեղմացնել Հայաստանում տիրող քաղաքական եւ հասարակական լարվածությունը, ապահովել օրենքի գերակայությունը, դադարեցնել ժողովրդավարական ազատությունների սահմանափակումներն ու մարդու իրավունքների սանձարձակ ոտնահարումները, արմատախիլ անել համատարած կոռուպցիան եւ վերացնել երկրի հարստության անպատիժ կողոպուտը, ազատվել անբարեխիղճ եւ քրեականացած պաշտոնյաներից, վերականգնել օրենսդիր եւ դատական իշխանությունների անկախությունը, կառուցողական երկխոսություն սկսել հասարակության հետ, այսինքն՝ չեզոքացնել այն բոլոր պատճառները, որոնք արտաքին աշխարհի ձեռքում լծակ են ծառայում Հայաստանի վրա ճնշումներ բանեցնելու համար։ 2) Բարելավել հարաբերությունները Ռուսաստանի հետ եւ հարթել այդ հարաբերություններում վերջերս նկատվող մտահոգիչ տարաձայնությունները։ Անել ամեն ինչ Մինսկի խմբի ձեւաչափից Ռուսաստանի դուրսմղումը կանխելու համար, գիտակցելով այն պարզ ճշմարտությունը, որ Ղարաբաղյան կարգավորման գործընթացում Արեւմուտքի եւ Ռուսաստանի հավասարակշռության խախտումը մեզ որեւէ լավ բան չի խոստանում։ 3) Ջանքեր գործադրել Ղարաբաղի կարգավիճակին վերաբերող հանրաքվեի խնդրի հստակեցման ուղղությամբ։ 4) Հայաստանը պետք է հրաժարվի կարգավորման գործընթացում Ղարաբաղի անունից խոսելու իրեն չարդարացրած պրակտիկայից, պահանջելով վերականգնել այդ գործընթացի նախկին ձեւաչափը, որում, ԵԱՀԿ-ի 1994 թվականի Բուդապեշտյան գագաթնաժողովի որոշմամբ, Լեռնային Ղարաբաղը ներկայացված էր հակամարտող կողմի լիիրավ կարգավիճակով։ 5) Նկատի ունենալով այն մտահոգիչ հանգամանքը, որ Կոսովոյի, Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի անկախության ճանաչումից հետո Ղարաբաղի հարցը, որոշակի առումով, դուրս է մնում սառեցված հակամարտությունների լուծման ընդհանուր գործընթացից, թերեւս ժամանակն է մտածել այն մասին, որ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը հանդես գա Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման նախաձեռնությամբ։ Սերժ Սարգսյանը պարտավորված չպետք է լինի արձագանքելու այդ նախաձեռնությանը, բայց մի կողմից ունենալով խորհրդարանի որոշումը, իսկ մյուս կողմից՝ առկախ թողնելով նրա վավերացումը, նա արտաքին ճնշումները դիմակայելու եւ խուսանավելու մեծ հնարավորություններ կստանա առաջիկա բանակցություններում։ Իրադրությունը, ոչ սովորական լինելով, ոչ սովորական քայլեր, դիվանագիտական հրաշագործություններ ու երեւակայության թռիչքներ է պահանջում»։

Իրավիճակը, ըստ առաջին նախագահի, լրջություն է պահանջում Հայաստանի բոլոր քաղաքական ուժերից։

«Զանգվածային միջոցառումներից միառժամանակ հրաժարվելու համարձակ եւ պատասխանատու քայլով Համաժողովրդական շարժումն ապացուցում է իր լրջությունը։ Նույնը մնում է ապացուցել Հայաստանի իշխանություններին ու նրանց սպասարկուներին», - հայտարարեց Լեւոն Տեր-Պետրոսյանը:

«Անկեղծորեն կողմ լինելով թե՛ Ղարաբաղյան հակամարտության, թե՛ հայ-թուրքական հարաբերությունների շուտափույթ կարգավորմանը, մենք չենք ուզում Հայաստանի իշխանություններին խանգարել լուծելու այդ խնդիրները։ Դադարեցնելով մեր ակտիվությունը, մենք ընդամենը նպատակ ենք հետապնդում նրանց զերծ պահել արտաքին ճնշումներից ու անհարկի զիջումներից», - ասաց Հայաստանի առաջին նախագահը: - «Այսպիսով, մոտակա ամիսներին մեզ սպասում են Ղարաբաղի եւ հայոց պետականության ճակատագրի հետ կապված կարեւորագույն իրադարձություններ, որոնք այս հանգրվանում երկրորդական են դարձնում ներքաղաքական խնդիրները»։


Աստղիկ Բեդեւյան եւ Ռուբեն Մելոյան

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG