Մատչելիության հղումներ

Ընդդիմության հանրահավաքը ավարտվեց երթով


Ուրբաթ երեկոյան Մատենադարանին հարող տարածքում կայացավ ընդդիմության հանրահավաքը, որն ավարտվեց երթով:

Հանրահավաքում ելույթ ունեցան Հայոց համազգային շարժման վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը, Հայաստանի ժողովրդական կուսակցության ղեկավար Ստեփան Դեմիրճյանը, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը եւ Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը:

Արամ Սարգսյանը հայտարարեց, որ իրավիճակը ղարաբաղյան կարգավորման հարցում իսկապես ծանր է: «Մեր, նաեւ ձեր երեխաների համար իշխանափոխություն ենք իրականացնելու», - ասաց «Հանրապետություն» կուսակցության նախագահը` դիմելով իշխանություններին: - «Հայաստանի Հանրապետության ժողովրդի անվտանգությունը վտանգում է Հայաստանի Հանրապետության գործող իշխանությունը: Բանը հասել է նրան, որ թե’ մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանը, թե’ Միացյալ Նահանգները ուղիղ հայտարարում են, որ Ղարաբաղի հիմնահարցը պիտի լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքով»:

Ստեփան Դեմիրճյանն իր ելույթում ասաց, որ իշխանությունները փորձում են «Մարտի 1»-ի գործը բարդել ընդդիմության վրա, սակայն ապօրինաբար արված գաղտնալսումներն անգամ, որ վերջերս հրապարակվում են, նրա կարծիքով, «ցույց են տալիս, որ ընդդիմությունն իշխանափոխություն իրականացնելու որեւէ ցանկություն չի ունեցել»:

Չնայած հանրահավաքն արտոնված էր, դեռ մեկնարկից մեկեւկես ժամ առաջ Կորյունի փողոցով մեկ տասնյակից ավելի ոստիկանական մեքենաներ էին ուղեւորվել դեպի Մատենադարան` տեղաբաշխվելով կառավարության ընդունելությունների տան բակում:

Քաղաքապետարանը երթ անցկացնելու հայտն ի գիտություն չէր ընդունել, սակայն ընդդիմությունը հանրահավաքից հետո նաեւ երթ անցկացրեց: «Երթեր անցկացնելը մեր սահմանադրական իրավունքն է: Մարտի 1-ից սկսած իշխանությունները իրենց ապօրինի գործողություններով արգելել են բոլոր երթերը», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Լեւոն Զուրաբյանը:


Աստղիկ Բեդեւյան եւ Ռուբեն Մելոյան

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG