Մատչելիության հղումներ

Դենիել Ֆրիդ. «Ղարաբաղի հարցում համաձայնությունը մինչեւ տարեվերջ հնարավոր է, բայց ոչ անխուսափելի»


Միացյալ Նահանգների պետքարտուղարի տեղակալ Դենիել Ֆրիդը հնարավոր է համարում, որ մինչեւ տարեվերջ որոշակի համաձայնություն ձեռք բերվի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերի միջեւ: Այդ մասին նա հայտարարեց «Ազատություն» ռադիոկայանին այսօր տված բացառիկ հարցազրույցում:

«Այո, դա հնարավոր է, սակայն հնարավոր` չի նշանակում անխուսափելի», - հայտարարեց Ֆրիդը` պարզաբանելով. - «Երկու կողմերն էլ ստիպված են լինելու դժվարին որոշումներ կայացնել: Եթե այս հակամարտության լուծումն այդքան հեշտ լիներ, այն արդեն լուծված կլիներ»:

«Մենք աշխատում ենք Մինսկի խմբում` ֆրանսիացի եւ ռուս համանախագահների հետ, եւ կարծում ենք, որ հնարավոր է լուծում գտնել: Հույս ունեմ` մինչեւ տարեվերջ», - ասաց պետքարտուղարի տեղակալը:

«Նկատի առնելով Աբխազիայի եւ Հարավային Օսիայի զարգացումները, հնարավոր համարո՞ւմ եք, որ կողմերից մեկը կփորձի միակողմանիորեն լուծել հակամարտությունը ուժի կիրառմամբ», - այս հարցին Դենիել Ֆրիդը արձագանքեց. - «Այդ սպառնալիքը միշտ գոյություն է ունեցել, սակայն Վրաստանի պատերազմը բոլորին հիշեցրեց, թե որքան սարսափելի է պատերազմը: Ահա թե ինչու հիմա ավելի շատ է խոսվում Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման մասին եւ ավելի քիչ են հնչում ռազմատենչ հայտարարություններ»:

Անդրադառնալով Հայաստանում ժողովրդավարության վիճակին, այդ թվում` հետընտրական իրադարձություններին եւ ընդդիմադիր գործիչների ձերբակալություններին, ամերիկացի բարձրաստիճան դիվանագետը ասաց. - «Մարտի 1-ի դեպքերը սարսափելի էին, բռնությունները` ցավալի, իսկ այս զարգացումների հետեւանքները հաղթահարելուն ուղղված քայլերը դեռ անավարտ են: Այսօրվա իմ հանդիպումներում ես բարձրացրեցի այս հարցերը, քննարկեցի ինչպես ընդդիմության, այնպես էլ կառավարության հետ: Որքան երկար շարունակվի մարդկանց կալանավայրերում պահելը, այնքան երկար կշարունակվի անորոշությունը»:

«Ակնհայտ է, որ Հայաստանը շատ անելիքներ ունի ժողովրդավարություն կառուցելու գործում: Եկեք իրատես լինենք. սա դանդաղ եւ աստիճանական գործընթաց է լինելու: Մենք հույս ունենք, որ այս կառավարությունը, որը մեծ քաջություն եւ առաջնորդություն ցուցաբերեց Թուրքիային ձեռք մեկնելու գործում, կարող նույնպիսի պահվածք դրսեւորել նաեւ այս խնդրի լուծման հարցում», - ընդգծեց Դենիել Ֆրիդը:

Հարցին` «կա՞ արդյոք նշանակալի տարբերություն ներկայիս եւ նախորդ իշխանությունների քաղաքականության միջեւ», փոխպետքարտուղարը արձագանքեց. - «Միացյալ Նահանգները ձայնի իրավունք չունի Հայաստանի քաղաքական խնդիրներում: Երբ մենք ասում ենք, որ աջակցում ենք Հայաստանի ժողովրդավարությանը, դա նշանակում է, որ հայերը պետք է իրենք որոշումներ կայացնեն, ոչ թե ամերիկացիները: Ես արդեն ասել եմ, որ ողջունում եմ նախագահ Սարգսյանի նախաձեռնությունը եւ ճիշտ եմ համարել նախագահ Գյուլի կողմից հրավերի ընդունումը: Սա դրական առաջընթաց էր: Կարծում եմ, որ Հայաստանը հենց այսպիսի առաջնորդի եւ ապագայի այսպիսի տեսլականի կարիք ունի, եւ այսպիսի մոտեցումը պետք է կիրառվի ինչպես արտաքին, այնպես էլ ներքին խնդիրների լուծման գործում»:

Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման նպատակով Սերժ Սարգսյանի կողմից զիջումների հավանականության վերաբերյալ Դենիել Ֆրիդը հայտարարեց. - «Որպեսզի լիդերն առաջընթաց ապահովի, նա պետք է նպատակ եւ նպատակին հասնելու խիզախություն ունենա: Իրական առաջնորդը պետք է կարողանա կատարել այնպիսի քայլեր, որոնք ոչ թե պարզապես այս պահին արժանանալու են բոլորի հավանությանը, այլ քայլեր, որոնք կարեւոր են երկրի ապագայի համար»:

«Ահա թե ինչու ասացի` սա [Գյուլին Երեւան հրավիրելը] խելացի եւ արիություն պահանջող քայլ էր: Սա լավ էր ազգի համար: Միացյալ Նահանգների տեսակետից այս քայլը ոչ թե զիջումներ էր նշանակում, այլ հարեւանների հետ խաղաղ ապրելու` Հայաստանի շահերից բխող նախաձեռնություն», - ընդգծեց ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալը:


Ռուզաննա Ստեփանյան

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG