Մատչելիության հղումներ

Վերաբացվեց Սիրահարների այգին


Շախմատի, նարդու սիրահարները կրկին կկարողանան իրենց ժամանցը կազմակերպել «Պողոսյան» հիմնադրամի հովանավորությամբ վերակառուցված այգու գեղեցիկ ու հարմարավետ անկյուններում:

«Այս այգին մի վայր է, որտեղ մարդիկ կարող են կտրվել քաղաքի հոգսերից եւ ուղղակի հանգստանալ», - նշում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնակատար Արա Վարդանյանը:

«Սիրահարների այգին մեր քաղաքի մյուս այգիներից տարբերվում է նախ նրանով, որ այգում չկան սրճարաններ: Կլինի մի փոքրիկ սրճարան` միայն երեխանների համար նախատեսված, այնտեղ չեն վաճառվի ալկոհոլային խմիչքներ», - ասում է Արա Վարդանյանը:

Նրա փոխանցմամբ` այգին Պողոսյանների ընտանիքի կողմից վարձակալվել է 21 տարով. այն շարունակում է մնալ պետական սեփականություն, սակայն առաջիկա 17 տարիների ընթացքում այգու բոլոր կարիքները կհոգա Ռոբերտ Պողոսյանի եւ նրա երկու որդիների` Ժան եւ Ալբեր Պողոսյանների կողմից ստեղծված «Պողոսյան» հիմնադրամը: Այգու բարեկարգման վրա ծախսվել է մոտ 1 միլիոն 300 հազար դոլար:

«Ես փորձել եմ այնպես անել, որ Սիրահարների զբոսայգին իրապես վերագտնի իր սկզբնական անվանումը: Այսպիսով, այն դարձել է երաժշտության, ջրերի դայլայլի, քամու սոսափյունի սիրահարների զբոսայգի, այն դարձել է քարերի, ինչպես նաեւ հենց սիրո, սիրահարների այգի` մի վայր, ուր բոլորն էլ կարող են վայելել իրենց շփումը զբոսանքի ճանապարհին հանդիպող քսանից ավելի քարերի հորինվածքների հետ: Ես ճամփորդել եմ` փնտրելով այնպիսի քարեր, որոնք կդառնային այս զբոսայգու առանցքը, կարտացոլեին բոլոր այս բնապատկերները»,-ասում է շվեյցարաբնակ լանդշաֆտային ճարտարապետ Պիեռ Ռամբախը, ում նախագծով վերակառուցվել է Սիրահարների այգին:

Այգում աստիճանների եւ կտրուկ անցումների բացակայությունը այն հատկապես հարմարավետ վայր է դարձնում սայլակներով տեղաշարժվողների համար:

Բոլոր այցելուների համար այգին կգործի հոկտեմբերի 18-ից:


Անի Թադեւոսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG