Մատչելիության հղումներ

Տիգրան Սարգսյան. «Հայաստանում մակրոտնտեսական կայունությունն ապահովված է»


Հայաստանում նախապես ձեռնարկված եւ ապագայի համար հաշվարկված միջոցառումների շնորհիվ մակրոտնտեսական կայունությունն ապահովված է: Այդ մասին հայտարարեց վարչապետ Տիգրան Սարգսյանը` այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատասխանելով Հայաստանի տնտեսության վրա համաշխարհային ֆինանսական ճգնաժամի հնարավոր ազդեցությանը վերաբերող հարցին:

Միաժամանակ, ինչպես ընդգծեց վարչապետը, Հայաստանն աշխարհից մեկուսացած չէ` երկրի հիմնական տնտեսական գործընկերը Եվրամիությունն է, որի հետ իրականացվում է Հայաստանի ապրանքաշրջանառության մոտ 60 տոկոսը, եւ ցնցումները այդ շուկայում ժամանակի ընթացքում կարող են անդրադառնալ Հայաստանի վրա:

Ավելի լուրջ վտանգ Տիգրան Սարգսյանը տեսնում է Ռուսաստանի տնտեսական աճի նվազման դեպքում.- «Եթե տնտեսական աճը Ռուսաստանում նվազի, մեր հայրենակիցների եկամուտները նույնպես կնվազեն, եւ մասնավոր տրանսֆերտները, որ գալիս են Հայաստան, կնվազեն, ինչը կարող է իր բացասական ազդեցությունը թողնել մեր ֆինանսական հատվածի վրա եւ սպառման մակարդակի վրա, քանի որ մասնավոր տրանսֆերտների 80 տոկոսը ուղղվում են սպառմանը»:

Տրանսֆերտներից նման մեծ կախում չունենալու միակ ճանապարհը, ըստ վարչապետի, Հայաստանում փոքր եւ միջին բիզնեսի զարգացումն է, այդ իսկ պատճառով կառավարությունը նախատեսում է կտրուկ ավելացնել փոքր եւ միջին բիզնեսի վարկավորման ծավալները:

«Մենք ունենք նմանատիպ պայմանավորվածություն Համաշխարհային բանկի հետ եւ պետք է լրացուցիչ միջոցներ ներգրավենք` չեզոքացնելու այս հնարավոր բացասական հետեւանքը», - տեղեկացրեց Տիգրան Սարգսյանը:

Վարչապետը անդրադարձավ նաեւ Վաշինգտոն կատարած իր այցին եւ ունեցած հանդիպումներին, մասնավորապես, փոխանցելով. - «Ե’վ փոխնախագահ Դիք Չեյնին, ե’ւ պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը կարեւորում են հայ - թուրքական հարաբերությունները եւ հետաքրքրված են, թե ֆուտբոլային դիվանագիտությունը ինչպես կշարունակվի»:

Ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաներին Տիգրան Սարգսյանը հայտնել է, որ առաջին հանդիպումներից հետո հնչած հայտարարություններից հայկական կողմը խիստ հիասթափված է. - «Ես հայտնեցի այն մասին, որ ՄԱԿ-ի գագաթնաժողովում հնչած ելույթները` ե’ւ Թուրքիայի նախագահի, ե’ւ Ադրբեջանի արտգործնախարարի, սառը ցնցուղի նման էին, որովհետեւ համահունչ չէին այն հանդիպումների եւ ձեռք բերված պայմանավորվածությունների ոգուն, որ մենք արձանագրել էինք մինչ այդ: Մասնավորապես, մենք վտանգավոր ենք համարում «օկուպացված տարածքներ» արտահայտությունը, որը իրեն թույլ տվեց Թուրքիայի նախագահը, եւ Մամեդյարովի ելույթը, որի մեջ կային մտքեր, թե ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի ՄԱԿ-ի կողմից ընդունված բանաձեւի տրամաբանության ներքո, ինչը, բնականաբար, ամբողջությամբ խեղաթյուրում է բանակցային գործընթացը»:


Շաքե Ավոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG