Մատչելիության հղումներ

logo-print

Զանգվածային անկարգությունների մեջ մեղադրվող Հարություն Ղարիբյանի գործը ուղարկվել է դատարան


Հետընտրական իրադարձությունների կապակցությամբ Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում ավարտվել է Հարություն Ղարիբյանի մասով նախաքննությունը, եւ նրա վերաբերյալ գործը երեկ ուղարկվել է Երեւանի քրեական դատարան:

Հատուկ քննչական ծառայության մամուլի քարտուղարի հաղորդագրության համաձայն` նախաքննությամբ պարզվել եւ հիմնավորվել է, որ Ղարիբյանը մարտի 1-ին անմիջականորեն մասնակցել է Երեւան քաղաքում տեղի ունեցած զանգվածային անկարգություններին, որոնց ընթացքում՝ ժամը 15:30-16:00-ի սահմաններում, քաղաքապետարանի վարչական շենքի մոտ ոտքերով հարվածել է ոստիկանության Լոռու մարզային վարչության Գուգարքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպերլիազոր Արմեն Գրիգորյանին, ինչպես նաեւ քարեր է նետել զանգվածային անկարգությունների մասնակիցների հարձակումից փախուստ կատարող ոստիկանության նույն բաժնի աշխատակիցների ուղղությամբ։

Հարություն Ղարիբյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 225 հոդվածի երկրորդ մասով, որով 3-ից մինչեւ 8 տարվա ազատազրկում է նախատեսված զանգվածային անկարգություններին անմիջական մասնակցություն ունենալու համար:

Ղարիբյանը օգոստոսի 20-ից գտնվել է հետախուզման մեջ եւ հայտնաբերվել է սեպտեմբերի 29-ին, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը:

Հոկտեմբերի 15-ի դրությամբ Հատուկ քննչական ծառայության կողմից դատարան է ուղարկվել 84 քրեական գործ` 110 անձի վերաբերյալ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG