Մատչելիության հղումներ

Ընդդիմության երեկվա ակցիան եւս ուղեկցվեց միջադեպերով


«Լինենք տերը պետության» հասարակական երիտասարդական-ուսանողական միության նախաձեռնությամբ երեկ Երեւանի կենտրոնում կազմակերպված երթ-իրազեկումը ուղեկցվել է միջադեպերով: Երթի ընթացքին միջամտել են ոստիկանները, սակայն ակցիան շարունակվել է:

Երթի մասնակիցները իրենց մեջքին փակցրել էին հետընտրական իրադարձությունների կապակցությամբ անազատության մեջ գտնվող գործիչների նկարներ` ի նշան նրա, թե «քաղբանտարկյալներն» են իրազեկում հոկտեմբերի 17-ին անցկացվելիք հանրահավաքի մասին:

«Լինենք տերը պետության» միության ղեկավար Արմեն Համբարձումյանի փոխանցմամբ, ոստիկանները Մաշտոցի պողոտայի վրա` Մոր եւ մանկան առողջության պահպանման կենտրոնի մոտ կանգնեցրել են իրազեկողներին, ասելով, թե չի կարելի նկարներով ակցիա անել, եւ պնդելով, թե Հայաստանում քաղբանտարկյալներ չկան:

Բացատրություններից հետո, թե դա լուռ իրազեկում է, ակցիան շարունակվել է: Սակայն երբ դրա մասնակիցները հասել են Հյուսիսային պողոտա, եւ երիտասարդներից մի քանիսը սկսել են վանկարկել «Լեւոն, նախագահ» եւ «Ազատ, անկախ, Հայաստան», անմիջապես հայտնվել են «կարմիր բերետավորները» եւ շրջապատել նրանց:

Առաջացած քաշքշուկի հետեւանքով Արմեն Համբարձումյանը բերման է ենթարկվել ոստիկանության Կենտրոնի բաժին, իսկ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին, իր փոխանցմամբ, նույն բաժնի օպերլիազորներից մեկը ոտքով հարվածել էր ու հայհոյել:

Շամշյանը «Ազատություն» ռադիոկայանին պատմեց, որ երբ սկսել էր նկարահանել, թե ինչպես «միանգամից կարմիր բերետավորները եւ ոստիկանության քաղաքացիական համազգեստով տղաները հարձակվեցին ժողովրդի վրա` առանց նախազգուշացման», քաղաքացիական հագուստով երիտասարդներից մեկը հարվածել էր իրեն, լկտի հայհոյանքներ ու սպառնալիքներ տեղացել իր հասցեին: Ակցիայի մասնակիցների ու Երեւանի փոխոստիկանապետ Աղասի Կիրակոսյանի միջամտությունից հետո այդ երիտասարդը փախել էր:

Որոշ ժամանակ անց, երբ ոստիկանության աշխատակիցները շղթա կազմած փորձում էին Հյուսիսային պողոտայում հավաքվածներին ցրել, պողոտա վերադարձավ Արմեն Համբարձումյանը:

Նա «Ազատություն» ռադիոկայանին պատմեց, որ փորձել էր կանխել քաշքշուկը ոստիկանների եւ ակցիայի մասնակիցների միջեւ. - «Էդ վանկարկումների համար ոստիկանները հայհոյում էին ժողովրդին, խփում էին, ես ընկա մեջ` բաժանելու, իրենց դուրը չեկավ, ու սկսեցին ինձ հարվածել: Մի խոսքով, հետո հասկացան, որ իրանց արածը սխալ է, բաց թողեցին, ասացին` «խելոք կմնաս»:

Հյուսիսային պողոտայում էին մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակիցները, որոնք «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին, որ ականատես են եղել միջադեպին, սակայն իրենց տեսածը պետք է ներկայացնեն օմբուդսմեն Արմեն Հարությունյանին միայն:

Ակցիայի մասնակիցները Հյուսիսային պողոտայից հեռացան երեկոյան ժամը 10-ից հետո:

Նախորդ օրը եւս հոկտեմբերի 17-ի հանրահավաքի վերաբերյալ իրազեկման երթը ուղեկցվել էր ոստիկանների եւ ակցիայի մասնակիցների միջեւ միջադեպով:


Ռուբեն Մելոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG