Մատչելիության հղումներ

Այսօր վաղ առավոտյան ժամերից ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որը երեկ տեղի ունեցած նախագահական ընտրությունների արդյունքում մեծ առավելությամբ հաղթել է գործող նախագահ Իլհամ Ալիեւը:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Մազահիր Փանաhովը հայտարարել է. - «Իլհամ Ալիեւը ստացել է քվեների 89,04 տոկոսը, երկրորդ տեղում գտնվող Իղբալ Աղազադեի արդյունքն է 2,78 տոկոս: Ընտրություններին մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների 75,64 տոկոսը»:

Վերլուծաբանների համոզմամբ, նախնական եւ վերջնական արդյունքներն առանձնապես չեն տարբերվի:

ԱՊՀ-ի դիտորդները լուրջ խախտումներ չեն արձանագրել, իսկ եվրոպացի դիտորդները ե’ւ դրական, ե’ւ բացասական հանգամանքներն են նշել, ասելով, որ Ադրբեջանի նախագահական ընտրություններում գրանցվել է նշանակալի առաջխաղացում, սակայն դրանք, այնուամենայնիվ, չեն համապատասխանել ժողովրդավարական ընտրությունների միջազգային չափանիշներին:

«Ադրբեջանը պետք է լրացուցիչ ջանքեր գործադրի իր ստանձնած միջազգային պարտավորությունները կատարելու համար», - հայտարարել է ԵԱՀԿ-ի դիտորդական առաքելության ղեկավար Բորիս Ֆռլեցը:

Ադրբեջանի ընտրական օրենսգրքի համաձայն, ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները մինչեւ հոկտեմբերի 17-ը պարտավոր են արձանագրությունները ներկայացնել Կենտրոնական ընտրական հանձնաժողով, որը, իր հերթին, ընտրությունների վերջնական արդյունքները պետք է մինչեւ հաջորդ ուրբաթ օրը՝ հոկտեմբերի 24-ը, ներկայացնի Սահմանադրական դատարանի վավերացմանը:

Ալիեւը, փաստորեն, ոչ միայն ջախջախիչ պարտության է մատնել չնչին տոկոսներ շահած իր վեց մրցակիցներին, այլեւ 14 տոկոսով գերազանցել է 2003 թվականին իր արձանագրած արդյունքը. 5 տարի առաջ նա իր առաջին նախագահական ընտրություններում ստացել էր քվեների շուրջ 77 տոկոսը:

Իլհամ Ալիեւին արդեն շնորհավորում են տասնյակ երկրների ղեկավարներ, առաջինը նրանց թվում եղել են Թուրքիայի եւ Վրաստանի նախագահներ Աբդուլա Գյուլն ու Միխեիլ Սահակաշվիլին:

Այսօր Ալիեւին զանգահարել եւ շնորհավորել է նաեւ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը: Day.az ինտերնետային պարբերականի փոխանցմամբ` «երկու նախագահները կարեւորել են բարձր մակարդակով շփումների նշանակությունը եւ նշել, որ ցանկանում են ամուր հիմքի վրա զարգացնել ռուս-ադրբեջանական համագործակցությունը քաղաքական, առեւտրատնտեսական եւ հումանիտար բնագավառներում»:

Ենթադրվում է, որ վերընտրված նախագահի պաշտոնամուտի հանդիսավոր արարողությունը տեղի կունենա արդեն այս ամսվա ընթացքում:

Վերլուծաբանները նշում են, որ Ալիեւի հաղթանակից որոշ ժամանակ անց կարելի է ակնկալել ակտիվացում ղարաբաղյան բանակցային գործընթացում:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG