Մատչելիության հղումներ

logo-print

Մամուլի տեսություն


«Ազգ» օրաթերթում Ազգային ժողովի նախկին նախագահ Տիգրան Թորոսյանի վերջերս տպագրված հոդվածի առթիվ նույն թերթում հանդես է եկել նախագահի օգնական Վիգեն Սարգսյանը: Ըստ նրա, Տիգրան Թորոսյանի հոդվածում միտումնավոր խեղաթյուրվում է նախագահի խոսքը: «Ելույթում չի խոսվում ինքնորոշման իրավունքի կիրառում կամ չճանաչում-էթնիկ զտումներ կամ ցեղասպանություն պատճառահետեւանքային կապի մասին: Ուղղակի արձանագրվում է, որ գերակշիռ մասով ինքնորոշման իրավունքի մասին խոսելն անգամ ֆիզիկական գոյության վտանգ է ստեղծում իր այդ իրավունքը բարձրաձայնած ժողովրդի համար», - գրում է Վիգեն Սարգսյանը` շարունակելով. - «Եվ վերջապես, երրորդ «փաստարկն» առ այն, որ հանրապետության նախագահը «կոպիտ սխալ» է կատարել իր շեշտադրումներում, հետեւյալ մեջբերումն է նույն ելույթից. - «Արդյունավետ եւ կայուն լինելու համար անջատման միջոցով ինքնորոշման իրավունքի իրականացումը պետք է ստանա ներգրավված բոլոր կողմերի համաձայնությունը»: Եվ եթե սա չէ արդյունավետ եւ կայուն ճանապարհը, ապա հասկանալի չէ, թե ինչի՞ մասին ենք մենք բանակցում Ադրբեջանի հետ: Չէ՞ որ Ղարաբաղի անկախությունը փաստացի իրականություն է: Ի՞նչ նպատակ են հետապնդում բանակցությունները, եթե ոչ այդ անկախության արդյունավետության ու կայունության ապահովման նպատակով Ադրբեջանի մոտեցման փոփոխումը: Թե՞ ակնհայտ չէ, որ կողմերի համաձայնությամբ հռչակված անկախությունն, ինչպես դա եղավ, օրինակ, Չեխիայի եւ Սլովակիայի պարագայում, ավելի արդյունավետ եւ կայուն է»:

«Առավոտ»-ը իր խմբագրականում գրում է. - «Դեռեւս կես տարի առաջ թվում էր, որ իրավիճակի կոնսերվացման եւ status quo-ի պահպանման գլխավոր ջատագովը Ռուսաստանն է: Սակայն ռուս - վրացական պատերազմը ցույց տվեց, որ ՌԴ-ն (հավանաբար` գազի եւ նավթի գերեկամուտների շնորհիվ) իրեն այնքան ուժեղ ու վստահ է զգում, որ կարող է գնալ տարածաշրջանային խնդիրները ոչ թե սառեցնելու, ինչպես առաջ էր, այլ` իր օգտին լուծելու ճանապարհով: Հենց այդպես էլ Ռուսաստանը վարվեց Հարավային Օսեթիայի եւ Աբխազիայի հարցում: Դա ամենեւին չի նշանակում, որ ճիշտ նույն (ուժային) եղանակով մեր ռազմավարական դաշնակիցը լուծելու է Ղարաբաղի հարցը, ընդհակառակը` նման սցենարը գործնականում բացառված է: Բայց դա նշանակում է հետեւյալը. սովորաբար միջնորդ երեք երկրները միահամուռ հայտարարում են` «մենք շահագրգռված ենք խնդրի շուտափույթ կարգավորման մեջ» եւ այլն, բայց միաժամանակ այդ երկրներից առնվազն մեկը մեզ կամ ադրբեջանցիներին «աչքով-ունքով» հասկացնել է տալիս, թե այն, ինչ նրանք ասում են ի պաշտոնե, դատարկ խոսքեր են եւ իրենց իրական մտադրությունները բոլորովին այլ են: Համապատասխանաբար, մենք կամ ադրբեջանցիները դրանից ելնելով ենք կառուցում մեր վարքագիծը: Հիմա, ըստ երեւույթին, նման ակնարկներ չեն արվի, համենայնդեպս` Ռուսաստանի կողմից»:

Panorama.am-ը գրում է. - «ժամանակ առ ժամանակ, ընտրությունից ընտրություն, Հայաստանում առաջանում է «երկու աշխարհների» ֆենոմենը: Ավելի ուշ այդ երկուսից մնում է մեկը` հաղթած իշխանությունը: Մյուսը աստիճանաբար անհետանում է, որպեսզի հաջորդ անգամ, հաջորդ ընտրությունների ժամանակ վերականգնվի գրեթե նույն դիմագծերով, թեեւ հնարավոր է` ուրիշ «անձնակազմով»: Ոչ-իշխանությանը այդպես էլ չի հաջողվում լուծել մինչընտրական գոյատեւման, քաղաքական գոյության հարցը: Այնուամենայնիվ, կա մարդկանց մի փոքր խումբ, ում համար անցյալը դեռ չափից ավելի կենդանի է եւ իրական, եւ ովքեր այսօր, փաստորեն, այն վերջին իրական գործոնն են, հասարակական ցնցումի վերջին մնացորդը, որը թույլ չի տալիս հարցը փակված համարել: Խոսքը քաղաքական բանտարկյալների մասին է»:

«Հայոց Աշխարհ»-ը զրուցել է Ռոլանդ Շառոյանի հետ: «Կարելի՞ էր «մարտի 1»-ը չեզոքացնել։ Ո՛չ։ Որովհետեւ նույն այդ ընդդիմությունը չցանկացավ կանխել դա։ Հակառակը, ամեն ինչով խթանեց, որ դա տեղի ունենա։ Ուղղակի հրահրեց։ Ի՞նչ ընդդիմության մասին է խոսքը։ Այն ընդդիմության, որը Աբդուլլահ Գյուլի այցի պատճառով հետաձգեց իր միտինգը։ Սակայն թույլ է տալիս, որ «մարտի 1» լինի։ Սա է նրանց քաղաքական «իմաստության» աստիճանը։ Եվ այժմ միայն մի բան կցանկանայի. «Մարտի 1-2-ի» դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովը գործն այնպես քններ, որ այլեւս «մարտի 1»-ը չկրկնվի։ Իր եզրակացությամբ բացառեր դրա կրկնությունը», - ասում է Շառոյանը։


Աղասի Ենոքյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG