Մատչելիության հղումներ

Տիգրան Սարգսյանը հանդիպել է Քոնդոլիզա Ռայսի հետ


Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը երեքշաբթի օրը Վաշինգտոնում հանդիպել է ԱՄՆ-ի պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսի հետ:

Վարչապետի մամուլի քարտուղարի հաղորդագրության համաձայն` հանդիպման մասնակիցները կարծիք են հայտնել, որ ղարաբաղյան հիմնախնդրի լուծման գործընթացն անհրաժեշտ է շարունակել ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի շրջանակներում տարվող բանակցությունների ձեւաչափով, եւ, ըստ Ռայսի, գործընթացը ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի շրջանակներից դուրս տեղափոխելու փորձերն ուշադրության կարիք չունեն:

Տիգրան Սարգսյանը ընդգծել է, որ Հայաստանը պատրաստ է շարունակել բանակցային գործընթացը, եւ վտանգավոր է որակել այնպիսի հայտարարությունները, որոնք, միակողմանիորեն նշելով միայն տարածքային ամբողջականության սկզբունքը, անտեսում են միջազգային իրավունքի հավասարազոր եւ հանրաճանաչ այլ սկզբունքները:

Պետքարտուղարը անդրադարձել է նաեւ հայ-թուրքական հարաբերությունների թեմային՝ հետաքրքրվելով Թուրքիայի նախագահի այցից հետո ստեղծված իրավիճակով: Վարչապետը նշել է, որ Հայաստանը դիվանագիտական հարաբերությունների հաստատման համար նախապայմաններ չի առաջադրում Թուրքիային եւ հուսով է, որ Թուրքիան կհետեւի այս օրինակին:

Պետքարտուղարը վարչապետին է փոխանցել իր պատրաստակամությունը՝ հնարավորինս սատարելու երկկողմ համագործակցության տարբեր ոլորտներում ԱՄՆ-ի կողմից Հայաստանին ցուցաբերվող տեխնիկական օժանդակության միջոցառումների իրականացմանը:

Նույն օրը Տիգրան Սարգսյանը հանդիպումներ էր ունեցել նաեւ Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի ղեկավարության եւ Միացյալ Նահանգների առեւտրի քարտուղար Կարլոս Գուտյերեսի հետ:

Քոնդոլիզա Ռայսի հետ հանդիպմամբ Հայաստանի վարչապետը ամփոփել է իր հնգօրյա աշխատանքային այցը Վաշինգտոն, որի շրջանակներում կայացել էին հանդիպումներ նաեւ ԱՄՆ-ի փոխնախագահ Դիք Չեյնիի, Համաշխարհային բանկի եւ Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG