Մատչելիության հղումներ

Բերտրան Դերոնշեն. «Մենք հնարավորություն ստացանք աշխատել արագ զարգացող շուկայում»


«Orange ընկերությունը գործում է աշխարհի 30 երկրներում, դրանցից ոչ բոլորն են Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի կամ Իսպանիայի նման խոշոր շուկաներ, եւ մեզ հետաքրքրում են նաեւ ավելի փոքր երկրներ, ինչպիսին Հայաստանն է», - «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասաց Հայաստանում բջջային կապի երրորդ օպերատորի արտոնագիրը շահած ֆրանսիական Orange ընկերության խոսնակ Բերտրան Դերոնշենը:

«Ինչով ենք մենք կարեւորում Հայաստանում այս լիցենզիան` դա այն է, որ մենք հնարավորություն ստացանք աշխատել Հայաստանի նման արագ զարգացող շուկայում, երկրում: Իհարկե, Orange-ը խոշոր ընկերություն է, սակայն իր գործունեությունն է ծավալում տարբեր երկրներում, դրանց մի մասը իրենց տնտեսությամբ կարող են համեմատվել Հայաստանի հետ», - նշեց Բերտրան Դերոնշենը:

Շուկայի ծավալի կարեւորության մասին հարցին ի պատասխան` Orange ընկերության խոսնակ շեշտեց, որ խնդիրը ծավալը չէ. - «Խնդիրը շուկայի, տվյալ դեպքում` հայկական շուկայի ներուժն է: Հայաստանում բջջային կապի ոլորտում արդեն իսկ գործում են երկու ընկերություններ, եւ, մեր կարծիքով, երրորդ օպերատորի համար գործելու դաշտ կա, եւ այդ երրորդ օպերատորը հենց Orange ընկերությունն է դառնում, քանի որ մենք հավատում ենք այս շուկային եւ կարծում ենք, որ աճի պոտենցիալը նոր ծառայությունների մեջ է, որ մենք առաջարկելու ենք մեր հայ բաժանորդներին»:

Ըստ Դերոնշենի, առայժմ վաղ է խոսել առաջարկվելիք այդ ծառայությունների մասին, այդուհանդերձ, Orange-ի շահած արտոնագիրը չի սահմանափակվում միայն բջջային կապի ծառայություններով: Orange-ը կարեւորում է հատկապես 3G` անհամեմատ ավելի լայն, մասնավորապես` ինտերնետի, տեսազանգերի եւ տվյալների փոխանցման ավելի արագ եւ որակյալ հնարավորություններ տվող բջջայի կապի երրորդ սերնդի համակարգը, ինչը, իր հերթին, բազմաթիվ նոր ծառայություններ մատուցելու հնարավորություն է տալիս:

«Ավելի մանրամասնել հիմա չէի ցանկանա, քանի որ կուզենայինք խուսափել ցանկացած հիասթափություններից հայ բաժանորդների շրջանում` այսօր ինչ-որ բան հայտարարենք, հետո դա չլինի, եւ մենք բաժանորդ կորցնենք: Մենք գիտենք, որ հաղթելու ենք այս շուկայում` բաժանորդներին նոր ծառայություններ առաջարկելով», - ասաց Orange-ի խոսնակը` հավելելով, թե ամբողջական գործունեություն ծավալելու համար ընկերությանը կպահանջվի մի քանի ամիս:

Այն հանգամանքը, որ Հայաստանի բջջային կապի բաժանորդների թիվը գերազանցում է 2 միլիոն 300 հազարը, Orange-ին չի մտահոգում. - «Հուսով ենք, որ մեծ թվով բաժանորդների համար մեր առաջարկները գրավիչ կդառնան: Մեր գործունեությունում մենք սովոր չենք հետ մնալ մրցակիցներից: Կարծում ենք, հաջողությունն ու առաջընթացը տեղի կունենան երկրի հզորացմանը զուգահեռ: Հայաստանի տնտեսական հզորացումն էլ կբերի հեռահաղորդակցության ծառայությունների պահանջարկի աճին»:

Հարցին` արդյո՞ք բաժանորդներին գրավելու համար Orange-ը ծրագրում է ծառայություններ մատուցել շուկայում գործողից ցածր գներով, Բերտրան Դերոնշենը արձագանքեց. - «Մեր կարգախոսն է. լավագույն ծառայություններ` լավագույն գնով: Ես, իհարկե, հայաստանյան շուկայի փորձագետ չեմ, բայց ցանկացած երկիր, որտեղ մուտք ենք գործում` ձգտում ենք աշխատել այդ սկզբունքով»:
Ընկերության խոսնակը շեշտեց, թե 200 միլիոն եվրոյի ներդրումը ընդամենը մրցույթի պահանջ է, եւ ամենեւին պարտադիր չէ, որ արտոնագիրը շահած ընկերությունը կատարի այդ ծավալի ներդրում:


Ռուբեն Մելոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG