Մատչելիության հղումներ

«Ա1+»-ի օպերատորի պնդմամբ` իր նկարահանած կադրերում երեւացողը արյուն է


«Ա1+» հեռուստաընկերության օպերատոր Հովսեփ Հովսեփյանը այսօր «Ազատություն» ռադիոկայանին տված բացառիկ հարցազրույցում պնդեց, որ մարտի 1-ի երեկոյան Պարոնյան-Գրիգոր Լուսավորիչ խաչմերուկում իր կողմից նկարահանված կադրերում երեւացող հեղուկը արյուն է:

«Այդ կադրերը ես նկարել եմ մարտի 1-ին, երեկոյան ժամը 10:20-ին` Պարոնյան փողոցի այդ խաչմերուկում: Նկարահանումները կատարելիս ես գնացի այդ կողմ եւ հանդիպեցի այդ տեսարանին, որտեղ ամբողջովին թաթախված էր այդ հատվածը արյունով», - պատմեց «Ա1+»-ի 27-ամյա օպերատորը` հավելելով. - «Հաստատ արյուն է, որովհետեւ ես այդ արյունի միջով մի քանի քայլ քայլել եմ, որպեսզի հնարավորինս լուսավոր հատված գտնեմ, որ նկարահանեմ: Այնտեղ ոսկորներ ինչ-որ, ավտոմատի պատրոններ կար դատարկ` արյան մեջ, նույնիսկ մեկ հատ էլ, եթե չեմ սխալվում, որսորդական պատրոնի դատարկ պարկուճ: Այդ տեսարանը ես իմ աչքերով եմ տեսել, նկարահանել եմ, ու դրանից հետո հետ եկանք էլի Մյասնիկյանի արձանի մոտ, այնտեղ խաղաղ միտինգն էր շարունակվում, 10:30-ին հայտարարվեց արտակարգ դրություն, եւ մենք վերադարձանք խմբագրություն»:

Այդ կադրերում երեւացող մարմնամասերի վերաբերյալ Հովսեփյանը ասաց. - «Դա տեսել եմ արդեն եղած, գործողությունը կատարված-վերջացրած, ես գործողությանը ներկա չեմ եղել արդեն, ես չեմ կարող ասել` կոնկրետ դա հաստատ մարդո՞ւ է, թե՞ ոչ: Իսկ այդ ծնոտը նման էր մարդու, այդքան բան կարող եմ ասել: Ես` որպես գյուղում ապրող տղա, ես այսքան ժամանակ ոչխարի նման ծնոտ չեմ տեսել, չգիտեմ: Ոչ էլ կարող եմ ասել, որ հաստատ մարդ էր: Բայց նմանություն կար»:

Ինչ վերաբերում է կրակոցներին, ապա, Հովսեփ Հովսեփյանի վկայությամբ` «կրակոցներ միշտ էլ լսվում էին արդեն այդ ընթացքում, այդ կադրերում չի՞ երեւում, որ կրակոցներ կան, օդ էլ էին կրակում, այդ կադրերն էլ կան, որ կրակոցները լսվում են»:

Հարցին` պատրա՞ստ է արդյոք մասնակցել մարտի 1-2-ի իրադարձությունները եւ դրանց պատճառներն ուսումնասիրող խորհրդարանական հանձնաժողովի նիստին եւ իր տեսածը պատմել այնտեղ, «Ա1+»-ի օպերատորը արձագանքեց. - «Ինչո՞ւ չէ, նույնը, ինչ ձեզ եմ ասում, նույնն էլ իրենց պետք է ասեմ: Ո’չ ավելին կարող եմ ասել, ո’չ պակասը` իմ տեսածը դա է»:

Խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի սեպտեմբերի 26-ի նիստում Հայաստանի գլխավոր դատաբժիշկ Շոթա Վարդանյանը եւ Հատուկ քննչական ծառայության ավագ քննիչ, «Մարտի 1»-ի գործով քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանը պնդել էին, որ ընդդիմության տարածած հիշյալ տեսանյութում պատկերված ոսկրային բեկորները ոչ թե մարդու, այլ կենդանու մարմնամասեր են, կադրերում երեւացող հեղուկն էլ արյուն չէ:

«Ա1+» հեռուստաընկերության ղեկավար Մեսրոպ Մովսեսյանը այսօր «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց, որ իրենք այս շաբաթ քննչական մարմնին են ներկայացրել մարտի 1-ի երեկոյան իրենց օպերատորի կողմից նկարահանված տեսանյութն ամբողջությամբ, որտեղ տեսախցիկը հստակ ֆիքսել է, թե կադրերը որ րոպեին եւ վայրկանին են արվել:

«Եթե խնդիր ծագի, մենք պատրաստ ենք տրամադրել ցանկացած լաբորատորիայի, որը կուսումնասիրի այդ կադրերը», - ասաց Մովսեսյանը: - «Կարող եմ ապացուցել ցանկացած վայրկյանին` պատկերվածը իսկություն է: Պատկերվել է եւ վավերագրվել է այն պահին, այն վայրկանին եւ այն վայրում, որտեղ ցույց է տալիս խցիկը»:

Հատուկ քննչական ծառայության ավագ քննիչ Վահագն Հարությունյանը վստահեցրեց, որ կադրերը նկարահանած օպերատոր Հովսեփ Հովսեփյանն անպայման կհարցաքննվի, իսկ «Ա1+»-ի ներկայացրած տեսանյութն առաջիկայում կենթարկվի փորձաքննության:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG