Մատչելիության հղումներ

Օգոստոսյան պատերազմից հետո առաջին անգամ կհանդիպեն Վրաստանի եւ Ռուսաստանի դիվանագետները


Այսօր Ժնեւում կհանդիպեն Վրաստանի եւ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունների ներկայացուցիչները: Սա երկու երկրների դիվանագետների առաջին հանդիպումն է օգոստոսյան հնգօրյա պատերազմից հետո:

Նախապես ենթադրվում էր, որ ժնեւյան հանդիպումը կընթանա նախարարների մակարդակով, սակայն թե’ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Lավրովը եւ թե’ նրա վրաց պաշտոնակից Էկա Տկեշելաշվիլին որոշեցին Շվեյցարիա ուղարկել իրենց տեղակալներին:

Ռուսական կողմը պնդում էր, որ բանակցություններին պետք է մասնակցեն նաեւ Հարավային Օսիայի եւ Աբխազիայի ներկայացուցիչները, ինչին վրացական կողմը կտրականապես դեմ էր: Ի վերջո, բանակցություններում միջնորդի դեր ստանձնած ՄԱԿ-ը, ԵԱՀԿ-ն, Եվրամիության նախագահող պետությունը` Ֆրանսիան եւ Միացյալ Նահանգները կարողացան փոխզիջումային տարբերակի հանգել, որի համաձայն` աբխազական ու օսական պատվիրակությունները կժամանեն Ժնեւ, սակայն բանակցային կոնֆերանսի լիագումար նիստին չեն մասնակցի:

Արեւմտյան դիվանագետները խորհուրդ են տալիս այսօրվա բանակցություններից լուրջ արդյունքներ չակնկալել: Օրեր առաջ Վրաստան կատարած այցի ընթացքում Ֆրանսիայի արտգործնախարար Բեռնար Քուշները նշում էր, թե «բանակցող կողմերը երկար գործընթացի ամենասկզբում են դեռեւս»:

Այսօրվա բանակցությունների կողմերը չեն կարողանում ընդհանուր հայտարարի գալ օրակարգի շուրջ: Ռուսական կողմը ցանկանում է քննարկման թիվ մեկ թեման դարձնել Վրաստան զենքի եւ զինամթերքի մատակարարման վրա լիակատար էմբարգո սահմանելու հարցը: Վրացական կողմը, սակայն, պնդում է, որ բանակցությունների առարկան պետք է լինեն ռուսական զորքերի դուրսբերումը Աբխազիայից ու Հարավային Օսիայից եւ վրաց փախստականների վերադարձը այս շրջաններ:

Վրացական կողմի հիշյալ պահանջները եվրոպական մի շարք պետությունների, այդ թվում Շվեդիայի միանշանակ աջակցությունն են վայելում: Այդ երկրի արտգործնախարար Կարլ Բիլդտը պաշտոնական Մոսկվայից պահանջում է կատարել Սարկոզիի ծրագրի բոլոր դրույթները` վերադառնալով օգոստոսի 7-ին առկա իրադրությանը:

«Որոշ շրջաններից, նախեւառաջ` բուֆերային գոտիներից ռուսական ուժերը դուրս են բերվել, սակայն կան շրջաններ, որոնք օգոստոսի 7-ին գտնվել են վրացական ուժերի հսկողության ներքո: Այսօր, սակայն, այնտեղ ռուսական բանակն է տեղակայված», - նշել է Բիլդտը:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG