Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Հրապարակ»-ը տեղեկացնում է. - «Երեկ Գագիկ Ծառուկյանը սպորտի աշխարհում «մարոզ» է արել` ֆիզկուլտինստիտուտի դահլիճում կայացած քննարկման ժամանակ շատ խիստ դիտողություններ է արել մարզական աշխարհի ղեկավարներին: Եվ հայտարարել է, որ Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան այլեւս չեն գլխավորելու ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը (Լֆիկ Սամոն), բռնցքամարտի ֆեդերացիան` նախկին ոստիկանապետ, ներկայումս նախագահի թիկնազորի պետ Հայկ Հարությունյանը, ձյուդոյի ֆեդերացիան` ԱԺ նախկին պատգամավոր Ալեքսան Ավետիսյանը: Ծառուկյանը գոհունակություն է հայտնել միայն ծանրամարտի ֆեդերացիայից, իսկ մյուս մարզաձեւերի համար նշել է, որ արմատական փոփոխությունների կարիք կա, եւ այդ փոփոխությունների մասին առաջարկների համար 10 օր ժամանակ է տվել ֆեդերացիաներին: Հրաժարական է տվել նաեւ ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հրանտ Ենոքյանը: Իսկ բռնցքամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանը պաշտոնանկ է արվել տարիքի պատճառով»:
«Չորրորդ իշխանություն»-ը մեկնաբանում է. - «Սերժ Սարգսյանի տարակուսանքը հասկանալի է: Լեւոն Տեր-Պետրոսյանի նախագահության տարիներին նա նախարար է եղել, եւ, անշուշտ, թաքուն (հաճախ էլ` ոչ այնքան թաքուն) հիացել է նրա ճկուն արտաքին քաղաքականությամբ ու դրա արդյունքներով: Եվ քանի որ դրան հաջորդած տասը տարիներին նա նախագահի փոխարեն պարբերաբար տուռնիկից կախված ինչ-որ բան է տեսել, նրա համար արտաքին քաղաքականության իդեալը մնացել է Լեւոն Տեր-Պետրոսյանի քաղաքականությունը: Այլ հարց է, որ անհամեմատ ավելի սահմանափակ մտածողություն ունենալով, նա որոշել է ընդամենը կապկել Տեր-Պետրոսյանի քայլերը` առանց հասկանալու, որ ցանկացած քայլ, որը ճշգրիտ է տվյալ պահին եւ տվյալ իրավիճակում, մեկ ուրիշ պահի կարող է խայտառակ սխալ լինել: Հենց դրա համար էր Լեւոն Տեր-Պետրոսյանը զգուշացնում` այն, ինչ այսօր առաջարկվում է մեզ, հետո խնդրելու ենք ու չենք ստանալու»:
«Հայոց Աշխարհ»-ը իր խմբագրականում գրում է. - «Մոտավորապես մինչեւ 2007 թվականի սեպտեմբերը հհշականներն ընդհանուր առմամբ թշնամիներ չունեին։ Ավելի ճիշտ, նրանց վրա ոչ ոք ուշադրություն չէր դարձնում։ Բավական անսովոր ու անհարմար վիճակ էր, մեր մեջ ասած։ Նույնիսկ չգիտես, թե ինչով զբաղվես։ Աշխատելու ցանկություն չկա, ասենք, ոչ ոք չի էլ սովորեցրել, իսկ կերակրել՝ հանցավոր վարչախմբի այլանդակություններից խոսելու, ու մի շերեփ էլ ավելացնել՝ Ադրբեջանին միակողմանի զիջումների անհրաժեշտության մասին բղավելու համար, ժամանակավորապես դադարել էին։ Պարզապես պառկիր ու մեռի՛ր։ Բայց հետո, փա՜ռք Աստծո, ասպարեզ ելավ Տեր-Պետրոսյանն ու ամեն ինչ իր տեղն ընկավ»։ Հեղինակը շարունակում է. - «Բացարձակապես անհասկանալի է, թե հատկապես ի՞նչ են ի վիճակի հակադրել վարչախմբին «իսկական գործ» սկսողները։ Գուցե հույսները դրել են իրենց կոնգրեսի՝ արմատական ուժերի այդ կայսրությա՞ն վրա։ Սակայն դրա կենսունակությունը լուրջ կասկածների տեղիք է տալիս։ Անդեմից անդեմ է ծնվում ու փոխարինվում անդեմով. միայն այս սկզբունքն է գործում կոնգրեսի պարագայում։ Դրան գումարվում է պատմության նվազագույն իմացությունը։ Կարելի է որոշակի կրքոտությամբ ասել, թե բոլոր կայսրությունները կործանվում են։ Կարելի է նույն բանի մասին խոսել առանց կրքի եւ անկողմնակալորեն, տոնայնությունն առանձնապես ոչինչ չի փոխում. բոլոր կայսրություններն էլ եղել են ճակատագրի հազվադեպ եւ պատմականորեն կարճատեւ դասավորության արդյունք»։

Lragir.am-ը կրկին անդրադառնում է Ղարաբաղի վերաբերյալ վերջին զարգացումներին, գրելով. - «Առաջին անգամ չէ, որ խոսվում է տարածք հանձնելու Հայաստանի պատրաստակամության մասին: Որքան հայտնի է, այդ տարածքները հանձնելու կամ իշխանության լեգիտիմության ճանաչման հետ փոխանակելու պատրաստակամություն հայտնել է նաեւ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, իսկ նրանից առաջ էլ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն է հայտնել տարածքները Ադրբեջանին վերադարձնելու ցանկություն, Ղարաբաղի հակամարտության կարգավորման իր հայտնի մոտեցման շրջանակում: Այնպես որ, Սերժ Սարգսյանն ամենեւին մեր առաջին նախագահը չէ, որ հայտնում է տարածք վերադարձնելու մտադրություն, կամ պատրաստակամություն, կամ մեղմ ասած` հավանական է համարում այդ վերադարձը: Դժվար է պատկերացնել, որ ասենք ժամանակին Լեւոն Տեր-Պետրոսյանը, հետո Ռոբերտ Քոչարյանն ու այժմ էլ Սերժ Սարգսյանը, չեն հասկանում, թե ինչ է իրենից ներկայացնում Հայաստանն այդ դիրքով, եւ ինչի է վերածվում Հայաստանը, երբ զիջում է իր այդ դիրքը ինչ-որ փաստաթղթային երաշխիքների դիմաց: Բանն այն է, որ ամենից հիմնավորը կարող է լինել այն, որ ասենք եթե տարածքները հետ չտանք, ապա մեր վերջը կտան: Բայց բանն այն է, որ մեր վերջը ավելի շուտ կտան տարածքները վերադարձնելուց հետո: Եթե մինչեւ վերադարձնելը մենք կարող ենք դիմադրություն կազմակերպել, ապա վերադարձնելուց հետո մենք այլեւս անընդունակ կլինենք նաեւ դիմադրության»:


Աղասի Ենոքյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG