Մատչելիության հղումներ

Հայաստանի զինված ուժերի կառուցվածքում փոփոխություններ են նախատեսվում


Շուտով խորհրդարան է մտնելու պաշտպանության մասին նոր օրենքի նախագիծը, որը նախատեսում է փոփոխություններ Հայաստանի զինված ուժերի կառուցվածքում:

Ինչպես այսօր լրագրողներին հայտնեց Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ, պաշտպանության նախկին փոխնախարար Արթուր Աղաբեկյանը` «նոր օրենքը հստակ նշում է նախագահի լիազորությունները եւ կառավարության դերը պաշտպանության բնագավառում, հստակ տարանջատվել են պաշտպանության նախարարի եւ գլխավոր շտաբի լիազորությունները»:

Ըստ խորհրդարանական հանձնաժողովի նախագահի` 1997 թվականից գործող օրենքը փոխելու անհրաժեշտությունն առաջացել է Սահմանադրությունում կատարված փոփոխություններից հետո, որով տարանջատվել են նախագահի եւ կառավարության լիազորությունները պաշտպանության բնագավառում:

Նոր օրինագծով` գլխավոր շտաբի պետի պաշտոնը լինելու է ամենաբարձր զինվորական պաշտոնը, հենց գլխավոր շտաբի պետն է իրականացնելու զինված ուժերի անմիջական ղեկավարությունը: Նախկինում այդպիսի կարգ գործում էր միայն պատերազմական իրադրությունում:

Պաշտպանության նախկին փոխնախարար, Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության կենտրոնական վարչության ներկայացուցիչ Վահան Շիրխանյանի խոսքերով` սա բանակի ռուսական կառավարման ձեւից անցում է դեպի արեւմտյան կառավարման ձեւ:

«Կառավարման համակարգի փոփոխությունը այսօր` երբ Հայաստանը բազմաթիվ ծանրագույն սպառնալիքների եւ մարտահրավերների դաշտում է հայտնվել, գտնում եմ ոչ նպատակահարմար եւ ոչ ժամանակին», - հայտարարեց Շիրխանյանը: - «Լիազորությունների սահմանազատումը` նախարար, գլխավոր շտաբի պետ, դա երկար գնացող, բարդ պրոցես է լինելու: Շատ դեպքերում օրենքով սահմանված լիազորությունները մեկը մյուսին կրկնում են, եւ այս պայմաններում գնալ այս փոփոխություններին` ես գտնում եմ սխալ»:

Շիրխանյանը նաեւ հակասություն է տեսնում առաջարկվող օրինագծում, քանի որ, Սահմանադրության համաձայն, զինված ուժերը պետք է լինեն ապաքաղաքականացված, մինչդեռ ըստ նախագծի` պաշտպանության նախարարը պետք է լինի կոնկրետ քաղական ուժի ներկայացուցիչ:

Արթուր Աղաբեկյանը, սակայն, նման հակասություն չի տեսնում: Նրա խոսքերով, համակարգը միշտ այդպես է գործել` անկախ օրենքի պահանջներից. պաշտպանության նախարարներից եւ փոխնախարարներից շատերը զինվորական կոչումներ չեն ունեցել` քաղաքացիական անձինք են եղել, ներկայացրել են ե’ւ հանրապետության նախագահին, ե’ւ իշխող քաղաքական ուժին ու կառավարությանը: Այժմ պարզապես գործող կարգը հաստատվելու է նաեւ օրենքով:


Տաթեւիկ Լազարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG