Մատչելիության հղումներ

Գագիկ Ջհանգիրյանը կարեւորում է փաստահավաք խմբի գործունեությունը


Հայաստանի գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը այսօր հայտարարեց, որ շատ է կարեւորում, իր ձեւակերպմամբ` Եվրախորհրդի ճնշման ներքո ստեղծվելիք փաստահավաք խմբի գործունեությունը:

Հետընտրական իրադարձությունների կապակցությամբ` իշխանության ներկայացուցչի դեմ բռնություն կիրառելու մեղադրանքով կալանքի տակ գտնվող Ջհանգիրյանը իր գործով այսօրվա դատական նիստի ավարտից հետո ընդդիմությանը կոչ արեց մասնակցել փաստահավաք խումբը գործունեությանը, եթե այն ստեղծվի օրենքի հիման վրա:

«Փաստահավաք խմբի ստեղծումը մահվան դատավճիռ է Նիկոյանի հանձնաժողովի [մարտի 1-2-ի իրադարձությունները եւ դրանց պատճառներն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի] համար», - ասաց Գագիկ Ջհանգիրյանը` պարզաբանելով. - «Եթե այդ հանձնաժողովը կստեղծվի օրենքի հիման վրա եւ նրա լիազորությունները կսահմանվեն օրենքով ... այսինքն` մոտավորապես նախաքննական մարմնի բնորոշ պիտի լիազորություններ ունենա, որպեսզի այդ հանձնաժողովին ընդդիմությունը մասնակցի: Եթե մասնակցի, ուրեմն մարտի 1-2-ի դեպքերը` ամեն ինչ կբացահայտվի»:

«Մեզ համար` քաղբանտարկյալների համար, դա` 300 եւ 225 հոդվածներով առաջադրված անհիմն մեղադրանքների փուչիկները կպայթեն, որովհետեւ կպարզվի, որ ոչ մի իշխանության զավթում չի եղել, ոչ մի մասսայական անկարգություն չի եղել, այդ բոլորը եղել է ոստիկանության ապօրինի գործողությունների հետեւանքով` որպես բողոքի դրսեւորում, հետո էլ իրենք այդ բողոքի դրսեւորումը էլի ջարդել են` զենքով, հրազենով, զինվորական ստորաբաժանումներով», - հայտարարեց գլխավոր դատախազի նախկին տեղակալը:

Դատական այսօրվա նիստում լսում էին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) վարչության այն աշխատակիցների ցուցմունքները, ովքեր մասնակցել են Գագիկ Ջհանգիրյանին եւ նրա եղբորը` Վարդան Ջհանգիրյանին, գլխավոր դատախազի նախկին տեղակալի օգնականին ու վարորդին բերման ենթարկելու գործողությանը:

Պաշտպանական կողմը ձգտում էր իր հարցերի միջոցով ապացուցել, որ բերման ենթարկելուց հետո 6-րդ վարչության շենքի նախասրահում Գագիկ Ջհանգիրյանին ծեծի են ենթարկել:

6-րդ վարչության աշխատակից Արսեն Սուքիասյանը այսօր առաջին վկան էր, ով հայտարարեց, որ երբ ինքը նախասրահ է իջել իր աշխատասենյակից, գոռգոռոցներ է լսել այնտեղ: Մինչ այս հայտարարությունը իրավապահները դատարանում հերքում էին, թե որեւէ աղմուկ են լսել նախասրահում:


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG