Մատչելիության հղումներ

Մտավորականները խնդրում են ներկայացնել Սարգիս Հացպանյանի արտաքսման պատճառները


Մի շարք մտավորականներ, այդ թվում ազգագրագետ, վարչապետի նախկին խորհրդական Հրանուշ Խառատյանը եւ կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը, երեկ բաց նամակ են հղել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին եւ վարչապետ Տիգրան Սարգսյանին` խնդրելով ներկայացնել ֆրանսահայ Սարգիս Հացպանյանին Հայաստանում ապրելու իրավունքից զրկելու պատճառները:

«Հայաստան երկրի պարոն նախագահ, երբ Դուք ամերիկահայերի հետ հանդիպման ժամանակ ասացիք, որ հայերիս ուժը մեր բազմազանության մեջ է, մենք շատ ուրախ էինք, քիչ էր մնում հավատայինք, որ դա Ձեր անկեղծ կարծիքն է, որ Դուք հավատում եք դրան, բայց այսօր Դուք Ձեր առջեւ ունեք Ձեզնից տարբերվող Սարգիս Հացպանյանին, նրան Հայաստանից արտաքսում են, որքան մենք կարող են հասկանալ, իր տեսակի համար: Թե այլ պատճառներ կան` ասեք, որ հավատանք Ձեզ: Այլապես ստիպված ենք մտածել, որ Սարգիս Հացպանյանի ներկայությունը կոնկրետ Ձեզ է խանգարում», - ասված է, մասնավորապես, մտավորականների նամակում, որը վերնագրված է` «Հրապարակեք ողջ ցուցակը»: - «Եթե Սարգիս Հացպանյանին Հայաստանում ապրելու իրավունքից զրկելու զորավոր պատճառներ չկան, մնում է մենք ինքներս հրաժարվենք մեր երկրի քաղաքացիությունից, քանի դեռ մեր հայրենի իշխանությունները չեն արտաքսել, իսկ գուցե արտաքսել են, բայց դեռ չգիտենք»:

Հրանուշ Խառատյանը «Ազատություն» ռադիոկայանին այսօր տված հարցազրույցում կարծիք հայտնեց, թե, փաստորեն, Հացպանյանի օրինակով Հայաստանի իշխանությունները զգուշացնում են բոլորին, այդ թվում նաեւ սփյուռքահայերին, որ նրանց այլակարծությունն ու այլախոհությունը Հայաստանում չի հանդուրժվելու. - «Ցանկացած միտք, որը պաշտոնական մտքի հակոտնյա է, Հայաստանում հետապնդվելու է` տարբեր ձեւերով: Սփյուռքահայ է` նրան զրկել Հայաստանում ապրելու իրավունքից, քաղաքացի է, բայց մի քիչ ակտիվ է` ծեծել, ջարդել, փշրել, վախեցնել, տանել բանտարկել: Այսինքն` ռեժիմ է դառնում, որ մտածողությունը բացարձակապես դառնա նույնական»:

Ըստ Խառատյանի, Հացպանյանին Հայաստանից արտաքսելը իշխանություններին տալու է իրականում միայն բացասական հետեւանքներ, որոնք իրենց արտահայտությունն են գտնելու թե’ Հայաստանի ներսում, թե’ Սփյուռքում եւ թե’ միջազգային կառույցների հետ հարաբերություններում:

Սերժ Սարգսյանին ուղղված նամակի վերաբերյալ «Ազատություն» ռադիոկայանը փորձեց արձագանք ստանալ նախագահի նստավայրից: Նախագահի մամլո խոսնակ Սամվել Ֆարմանյանը միայն փոխանցեց, որ իրենք հետեւում են մամուլում տեղ գտած հրապարակումներին, այդ թվում նաեւ խնդրո առարկա հրապարակմանը:

Սարգիս Հացպանյանը այսօր «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեց, որ դեռեւս չի ստացել նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կարգադրության բնօրինակը, համաձայն որի` դեռեւս մարտին ինքը զրկվել է Հայաստանում բնակվելու իրավունքից: Նա առաջիկայում պատրաստվում է դիմել դատարան` այդ կարգադրության բնօրինակը ստանալու համար:

Հացպանյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց նաեւ, որ իր տեղեկություններով` քաղաքական ապաստան տրամադրելու խնդրանքով Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանին իր հղած դիմումը արդեն քննարկվում է:


Ռուզաննա Ստեփանյան

(ՖՈՏՈԼՈՒՐ-ի լուսանկարում` Սարգիս Հացպանյան)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG