Մատչելիության հղումներ

Ադրբեջանում վաղը նախագահական ընտրություններ են


Վաղը Ադրբեջանում տեղի կունենան նախագահական ընտրություններ, որոնց արդյունքում, վերլուծաբանների կանխատեսմամբ, անպայման հաղթանակ է տոնելու գործող նախագահը:

Հոկտեմբերի 15-ի քվեարկությանը, ամենայն հավանականությամբ, չի լինի բարձր մասնակցություն, քանի որ ընտրողների մեծամասնությունը ենթադրում է, որ 7 թեկնածուներից հաղթելու իրական հնարավորություն ունի միայն Հեյդար Ալիեւի որդին՝ Իլհամ Ալիեւը:

Ընդդիմադիր ուժերի «Ազադլիղ» դաշինքը որոշել է բոյկոտել ընտրությունները` հայտարարելով, որ դրանք ազատ եւ արդար չեն լինի: Իշխող կուսակցությունը՝ «Ենի Ազերբայջան»-ը, հերքում է այդ մեղադրանքները, սակայն առնվազն մայրաքաղաքում կա ընդդիմության տեսակետը հաստատող մի իրողություն՝ շարքային բաքվեցիներից շատերը անտարբեր են ընտրությունների նկատմամբ:

«Բոլորը գիտեն, որ հաջորդ նախագահը Իլհամ Ալիեւն է լինելու, նա է հիմա իշխում, եւ դժվար կլինի նրան փոխարինել», - «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության թղթակցին ասել է մի բաքվեցի:

«Ազատություն» ռադիոկայանի վերլուծաբան Անտուան Բլուան փոխանցում է, որ մայրաքաղաքի փողոցներում առանձնապես չի նկատվում հոկտեմբերի 15-ի ընտրությունների հետ կապված խանդավառություն:

Իշխանություններին անհանգստացնում է ընտրողների ցածր մասնակցության հավանականությունը: Այդ վտանգը կանխելու համար իշխանությունները բոլոր հանրային վայրերում փակցրել են պաստառներ` քաղաքացիներին հորդորելով անպայման մասնակցել հոկտեմբերի 15-ի քվեարկությանը:

«Հավանաբար, մեր մյուս նախագահը Իլհամ Ալիեւը կլինի, նա մեր կողմից է, մենք մեկ ուրիշի կարիքը չունենք», - ասել է Ալիեւին սատարող բաքվեցիներից մեկը:

Մեկ այլ քաղաքացի ասել է, թե ընդդիմության որեւէ ակտիվություն չկա. - «Կարծում եմ, ընդդիմությունը թույլ է, մարդկանց մեծ մասը նրանց չի աջակցում, մարդիկ սատարում են գործող նախագահին»:

Քաղաքացիներից մեկն էլ այսպես է կշտամբել «Ազադլիղ»-ի ակտիվիստներին. - «Ընդդիմությունը պետք է ժամանակին միավորվեր, ոչ թե հիմա: Նրանք պետք է ընտրեին լիդեր եւ աջակցեին նրան եւ այդ դեպքում կարող էին հաղթել, բայց նրանք հիմա չունեն միացյալ լիդեր, այսօր միավորվելն ընդամենը շոու է»:

Լրատվական գործակալությունները նշում են, որ Ադրբեջանում բոլոր նախորդ ընտրություններից եւ ոչ մեկը չի համապատասխանել միջազգայնորեն ընդունված ժողովրդավարական չափանիշներին:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG