Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Այսօրվա մամուլում բազմաթիվ են հրապարակումները` կապված արտաքին քաղաքական վերջին զարգացումների եւ, մասնավորապես, հայ-թուրքական հարաբերությունների հետ:

«Հայք»-ը հարցազրույց է տպագրել Հայ ազգային կոնգրեսի արտաքին կապերի պատասխանատու, արտաքին գործերի նախարարության մամուլի նախկին խոսնակ Վլադիմիր Կարապետյանի հետ: Լրագրողի հարցադրմանը` «Թուրքիայի նախագահի Հայաստան կատարած այցից հետո ակտիվ խոսակցություններ սկսվեցին, որ Թուրքիան միջնորդի դեր է պատրաստվում ստանձնել Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման գործում», Վլադիմիր Կարապետյանը պատասխանում է. - «Ակնհայտ է, որ Թուրքիան չի կարող հանդես գալ որպես միջնորդ: Միեւնույն ժամանակ, Հայաստանի համաձայնությունը երեք երկրների արտգործնախարարների հանդիպում անցկացնելու վերաբերյալ, արդարացի հարցեր է առաջացրել Թուրքիայի` Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի շուրջ բանակցություններում ներգրավման վերաբերյալ: Դրան կարելի է ավելացնել Սերժ Սարգսյանի այն մեկնաբանությունը, որ նա դեմ չէ Թուրքիայի օժանդակությանը այս հարցում: Դրա հետեւանքով միջնորդներից մեկը ողջունել է Թուրքիայի դերակատարությունը, անգամ նշել, որ Թուրքիան կարող է ազդել Հայաստանի վրա` առավել կառուցողական դիրքորոշում ունենալու նպատակով: Այս ամենը հետեւանք է Թուրքիայի նկատմամբ անզգույշ, թերի հաշվարկված քայլերի, որոնց արդյունքում Թուրքիան աշխարհին ներկայացավ խաղաղարարի կերպարով, իսկ Հայաստանը որեւէ բան չշահեց»:

«Ազգ»-ում ծավալուն հոդվածով հանդես է եկել Ազգային ժողովի նախկին նախագահ Տիգրան Թորոսյանը: Նա գրում է. - «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորում. Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող այս խնդրի վերաբերյալ առավել ուշագրավը նախագահ Սերժ Սարգսյանի ելույթն է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 63-րդ նստաշրջանում: Ցավոք, ելույթի այդ հատվածը ոչ միայն ամենաանհաջողն է, այլեւ խիստ խնդրահարույց են դրանում օգտագործված երեք հիմնական դրույթներն էլ: Ըստ դրանցից առաջինի, «Միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներից մեկը հանդիսացող ինքնորոշման իրավունքը դարձել է ժողովուրդների արտաքսման, էթնիկ զտումների, ցեղասպանությունների պատճառ»: Դժվար է ասել, թե ով է պատրաստել ելույթի տեքստը` արտգործնախարարությո՞ւնը, թե՞ նախագահի աշխատակազմը, սակայն ակնհայտ է, որ իրականությունը շրջված է գլխիվայր: Ոչ թե ինքնորոշման իրավունքն է դառնում էթնիկ զտումների ու ցեղասպանության պատճառ, այլ ինքնորոշման իրավունքի չճանաչումն ու չկիրառումը»:

«168 ժամ»-ը այս առթիվ զրուցել է քաղաքագետ Ռիչարդ Գիրագոսյանի հետ: Լրագրողի հարցին, թե «Գյուլի այցելությունը ռեալ ինչ-որ օգուտ տվե՞ց հայ-թուրքական հարաբերությունների հարցում, թե՞ սրանք ընդամենը խոսակցություններ էին», քաղաքագետը պատասխանում է. - «Այս անգամ ես շատ ավելի լավատես եմ, քան առաջ: Վիճակը շատ է փոխվել: Երբ հաշվի ենք առնում Շվեյցարիայում տեղի ունեցած գաղտնի հանդիպումները, որոնք տեղի էին ունեցել հրավերից ամիսներ առաջ, ապա պարզ է դառնում, որ պրոցեսն ավելի խորն է, քան մենք պատկերացնում ենք: Այս նախաձեռնությանն ավելի շատ աջակցել է Ռուսաստանը, եւ ոչ թե ԱՄՆ-ը, ինչը շատ հետաքրքիր է: Եվ հենց այդ պատճառով եմ ես լավատես: Գյուլի այցելությունից մեկ շաբաթ անց ես Ստամբուլում էի եւ տեսա, որ թուրքերը շատ գործնական եւ անկեղծ են տրամադրված, քան նախկինում: Գլխավոր պատճառն այն է, որ Թուրքիան հասել է մի կետի, երբ այլեւս չի ցանկանում Հայաստանի հետ իր հարաբերությունները կապել ղարաբաղյան հարցի հետ»:

Իսկ Lragir.am-ը գրում է. - «Այդ մասին օրինակ շատ էր բարձրաձայնում նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը, ով հայտարարում էր, թե Ղարաբաղը մեզ համար գին չունի: Հիմա այդպիսի հայտարարություններ չեն հնչում: Հիմա հայտարարություններն ավելի «նախաձեռնողական» են: Այսինքն Հայաստանի «նախաձեռնողական» արտաքին քաղաքականությունն արդեն տվել է ահագին խոսակցությունների տեղիք: Հիմա եթե մենք հետ քաշվենք, կստացվի, որ այդ բոլորին իզուր տեղը խոսացրել ենք: Իսկ նրանք մեզ պես չեն: Նրանք գիտեն խոսքի գինը, արժեքը: Հետեւաբար եթե խոսել են, արդեն հենց այնպես հետ չեն քաշվի: Ավելին, հետ քաշվելու համար գուցե արդեն շատ ավելի թանկ գին ուզեն, քան խոսելու համար: Բայց արդյոք Հայաստանի համար կարող է ավելի թանկ գին լինել, որով վճարելու է իր նախաձեռնողականության համար, քան Ղարաբաղը: Եթե որեւէ մեկը կարծում է, որ տարածքները դրանք դեռ Ղարաբաղ չեն, ապա երեւի թե իզուր է այդպես կարծում: Ղարաբաղը հենց տարածքներն են, որովհետեւ եթե դրանք չկան, ապա Ստեփանակերտի լինել-չլինելը ժամանակի խնդիր է: Այլ հարց է, որ Հայաստանի եւ ասենք Ղարաբաղի ներկայիս վերնախավերը ժամանակը չափում են իրենց կենսագրության կտրվածքով, այսինքն հաշվարկում են այնքան, ինչքան մեկ մարդկային կյանքն է իր առավելագույն հնարավոր տեւողությամբ` տվյալ դեպքում իրենցը»:

«Նովոյե Վրեմյա»-ն գրում է. - «Հայրենի արմատականների մոտ հեղափոխական էնտուզիազմի անկում է: Ակնհայտ է լուրջ լարում` կապված ոչ միայն հանրահավաքային միջոցառումների զանգվածայնության ապահովման հետ, այլեւ` հենց օրակարգի: Այնուամենայնիվ, այս շաբաթ հայտարարված հանրահավաքը գովազդվում է նախկին թափով` խոստանում են Տեր-Պետրոսյանի հերթական մերկացնող ճառը եւ գործողությունների նոր ծրագիր: Դատելով հայտարարություններից, ծրագրի գլխավոր նորությունը առնվազն երկու հիմնարար տերմինների փոփոխության մեջ է` հեղափոխությունը ձեւափոխվում է զարգացման, իսկ ավազակապետությունը` գողապետության: Սովորական դարձած մակդիրներից, ինչպես «հզոր», «աննախադեպ», այս անգամ որոշել են հրաժարվել, որպեսզի հետո ստիպված չլինեն արդարանալ իրենց կողմնակիցների նոսրացած շարքերի համար: Բովանդակության տեսակետից հանդիսատեսներին կներկայացվի հին տեսակի կիսաֆաբրիկատների ինչ-որ աջաբսանդալ` սկսելով նախագահական ընտրություններից, ավարտելով մարտի 1-ի իրադարձություններով` համեմված ռուս-վրացական պատերազմով, Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ դիմակայությամբ, ղարաբաղյան կարգավորման գործում Թուրքիայի ակտիվացմամբ եւ ճնշումներով»:


Աղասի Ենոքյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG