Մատչելիության հղումներ

«Մարտի 1»-ի ժամանակավոր հանձնաժողովը առաջարկում է երկարացնել իր գործունեության ժամկետը


Մարտի 1-2-ի իրադարձությունները եւ դրանց պատճառներն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովը արդեն դիմել է Ազգային ժողովին` իր գործունեության ժամկետը մինչեւ երկու ամիս երկարացնելու առաջարկով: Այդ մասին երեկ հայտարարեց հանձնաժողովի անդամ, Դաշնակցություն խմբակցության պատգամավոր Արտյուշա Շահբազյանը:

Ժամանակավոր հանձնաժողովի եզրակացության հրապարակման համար նախապես սահմանված ժամկետը հոկտեմբերի 25-ն է:

«Պատրաստվում էինք ժամկետների մեջ ավարտել մեր աշխատանքը, սակայն կապված փաստահավաք խմբի ստեղծման հանգամանքի հետ` որոշեցինք, որ տրամաբանական կլինի, որպեսզի երկարաձգվի` այն նպատակով, որպեսզի փաստահավաք խումբը հնարավորություն ունենա աշխատելու, ժամանակ ունենա աշխատելու, նաեւ` մեզ եզրակացություններ տրամադրելու», - ասաց Շահբազյանը երկուշաբթի օրը կայացած ասուլիսում:

Փաստահավաք խումբը ձեւավորվելու է երկրի նախագահի հրամանագրով, դրանում ընդգրկվելու են կոալիցիայից երկու, «Ժառանգություն»-ից եւ Հայ ազգային կոնգրեսից, ինչպես նաեւ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից մեկական անկախ փորձագետներ: «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե արդյո՞ք միջազգային փորձագետներ այս խմբում ընդգրկվելու են, Արտյուշա Շահբազյանը պատասխանեց, որ դեռ հանձնաժողովն էր դիմել միջազգային կազմակերպություններին: ԵԱՀԿ-ն եւ Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանատունը մասնագետներ ուղարկել են, ովքեր «իրազեկ են, ընթացքի մեջ են»: «Մյուսները, չգիտեմ ինչ պատճառով, չուղարկեցին: Մենք բաց ենք եւ թաքցնելու բան չենք ունեցել, ինքներս ցանկացել ենք, որ գան: Իրենց խնդիրն է` ուղարկել կամ չուղարկելը», - ասաց պատգամավորը:

«Ազատություն» ռադիոկայանի հաջորդ հարցին, թե ի՞նչ լիազորություններ է ունենալու փաստահավաք խումբը, խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի անդամը պատասխանեց. - «Փաստահավաք խումբը պիտի հնարավորություն ունենա իրեն հետաքրքրող փաստերը եւ նաեւ մեզ հետաքրքրող փաստերը, որովհետեւ, կարծում եմ, որ մենք եւս պիտի պատվերներ տանք հանձնախմբին, պիտի հնարավորություն ունենա օգտվելու բոլոր այն փաստաթղթերից, փաստերից, որոնք գոյություն ունեն այս իրադարձությունների հետ կապված»:

Դեռ օգոստոսի վերջերին խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը հայտարարում էր, թե միջանկյալ եզրակացություն պետք է հրապարակեն, մասնավորապես, մարտի 1-ի առավոտյան Ազատության հրապարակում իրավապահ մարմինների գործողությունների իրավաչափության եւ համաչափության վերաբերյալ: Հարցին` այդ առումով կա՞ արդյոք կոնկրետ եզրահանգում, Արտյուշա Շահբազյանը արձագանքեց. - «Անշուշտ, որոշ եզրահանգումներ ունենք, որոշ բաներ մեզ համար գրել ենք, ինչ-որ բանաձեւումներ արել ենք, բայց կհիշեք, որ խոսակցությունները հիմա չեն եղել` փաստահավաք խմբի հետ կապված: Մենք նաեւ միջանկյալ զեկույցի գաղափարից հրաժարվեցինք, որովհետեւ արդեն կանխակալ, նախապես ինչ-որ մի տեսակետ պիտի արտահայտվեր: Միջանկյալ զեկույց չի լինի»:

Այդուամենայնիվ, հանձնաժողովը գոնե իր համար պարզե՞լ է, թե որքանով էին իրավաչափ ոստիկանության գործողությունները մարտի 1-ի առավոտյան. - «Այո, որքան էր իրավաչափ եւ համաչափ, ենթադրենք, առավոտյան ոստիկանության գործողությունները ընդդիմության գործողությունների նկատմամբ: Հիմա, սրանք որքան լավ ուսումնասիրենք, այնքան ավելի լավ»:

«Այսինքն, դեռ չե՞ք պարզել այդ հանգամանքը», - այս հարցին Շահբազյանը հակադարձեց. - «Չէ, պարզել ենք: Ավելի շատ պարզենք»:


Կարինե Քալանթարյան

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG