Մատչելիության հղումներ

«Հայֆեստ»-ը ավարտվեց


Փառատոնի նախագահ Արթուր Ղուկասյանը «Մաքս լիբերթի»-ի հետ զրույցում այս տարվա «Հայֆեստ»-ը «գերազանց» չգնահատեց՝ մատնանշելով թերությունները. - «Ունեինք կիսադատարկ դահլիճներ, նշանակում է՝ այդքան էլ լավ չենք աշխատել»:

Արթուր Ղուկասյանն ասում է, որ արդեն այսօրվանից սկսում է պատրաստվել 2009 թվականի «Հայֆեստ»-ին:

«Հայֆեստ - 2008»-ը 9 օր՝ հոկտեմբերի 4-12-ը, մայրաքաղաքում իսկական թատերական հրավառություն ապահովեց. ամենօրյա բացօթյա ներկայացումներ, այդ թվում՝ աֆրիկյան ավանդական պար՝ Կոտ դ’Իվուարից, կանադացի Շոն Ռունիի փուչիկներով շոուն՝ «Փուչիկստան»-ը, ղրղըզական «Մեստո Դ» թատերախմբի «Մարշրուտկաստան» ներկայացումը՝ հենց ավտոբուսի մեջ Երեւանի կենտրոնական փողոցներում եւ, իհարկե, գերմանական «Անտագոն» թատրոնի «Թայմ Աութ» գիշերային տպավորիչ շոուն Կիրովի այգում:

Հայաստանում էին ինչպես եվրոպական, այնպես էլ հետխորհրդային երկրների թատերախմբեր, որոնք ներկայացնում էին վիզուալ, շարժման, պարային ու կատարողական արվեստի զանազան ճյուղեր: «Նոր դրամա»-ի ներկայացուցիչներից առանձնացնենք, թերեւս, անգլիացի հանրահայտ դրամատուրգ Մարկ Ռավենհիլին, ինչպես նաեւ Կազանցեւի ռեժիսուրայի եւ դրամատուրգիայի կենտրոնը, որը «Հայֆեստ»-ին ներկայացավ «Ես գնդացրորդ եմ» մոնոներկայացմամբ:

Փառատոնն այս տարի պետական բյուջեից ստացավ 35 միլիոն դրամ: Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը համոզված է՝ արժեր գումար հատկացնել, ու նաեւ հաստատում է, որ միեւնույն է` առանց հովանավորների, միայն պետական ֆինանսավորմամբ, փառատոնն անհնար է անցկացնել: Հնարավորության դեպքում, արդեն հաջորդ տարի նախարարը մտադիր է ավելացնել «Հայֆեստ»-ի բյուջեն:

«Հայֆեստ»-ի շրջանակներում անցկացվող «Սարոյան ֆեստը»՝ նվիրված Վիլյամ Սարոյանի ծննդյան 100-ամյակին, հնարավորություն էր՝ փառատոնում ներգրավվել նաեւ սփյուռքի թատերական գործիչներին. առանձնացնենք Նորա Արմանիի եւ Ժակի Ներսիսյանի անունները:

Հայաստանյան ներկայացումներից, ինչպես նախորդ տարի, այս անգամ էլ ֆավորիտը երիտասարդ ռեժիսոր Վահան Բադալյանի բեմադրությունն էր: Այս տարի ռեժիսորը իտալական «Վերսիլադանսա» թատերախմբի հետ համատեղ ներկայացավ «7 զգացողություն» պարային դրամայով՝ Նարեկացու «Մատյան ողբերգության»-ի մոտիվներով:


Կարլեն Ասլանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG