Մատչելիության հղումներ

Հռոմի պապը դատապարտում է քրիստոնյաների դեմ բռնությունները Իրաքում


Հռոմի Բենեդիկտոս տասնվեցերորդ պապը դատապարտել է քրիստոնյաների դեմ բռնությունները Իրաքում եւ կոչ է արել վերջ տալ դրանց:

Վատիկանում հազարավոր հավատացյալների առջեւ կիրակի օրը ունեցած ելույթում Պապը հայտարարել է, որ մաղթում է հաշտություն եւ խաղաղություն այնտեղ, որտեղ «մեծ տառապանքներ են եղել», եւ մատնանշել է քրիստոնյաների դեմ բռնությունները Իրաքում եւ Հնդկաստանում:

Անցած մի քանի օրերին Իրաքի հյուսիսային Մոսուլ քաղաքում սուննի զինյալների հարձակումների հետեւանքով առնվազն 11 քրիստոնյա է զոհվել, եւ հարյուրավոր քրիստոնյաներ լքում են իրենց տները:

Անցած շաբաթ «Ֆրանսպրես» գործակալությանը տված հարցազրույցում Քիրքուքի քաղդեական եկեղեցու արքեպիսկոպոս Լուիս Սակոն հայտարարել էր Իրաքի քրիստոնյա համայնքին սպառնացող վտանգի մասին:

«Մենք լիկվիդացման արշավի, բռնության արշավի թիրախն ենք», - վստահեցրել էր Սակոն, ում վկայությամբ` 2003 թվականին ԱՄՆ-ի գլխավորած ուժերի Իրաք մտնելուց ի վեր երկրում սպանվել են ավելի քան 200 քրիստոնյաներ, հարձակման են ենթարկվել մի շարք եկեղեցիներ, շուրջ 800-հազարանոց քրիստոնյա բնակչության մեկ երրորդը լքել է երկիրը: Իսկ վերջին ամիսներին բռնությունները սաստկացել են, հատկապես` երկրի հյուսիսում:

Արքեպիսկոպոսը երկրի վարչապետ Նուրի ալ-Մալիքիին հորդորել էր ապահովել փոքրամասնությունների անվտանգությունը, ինչպես նաեւ կոչ էր արել ամերիկյան զորքերին ավելին անել` քրիստոնյաներին եւ մյուս փոքրամասնություններին հարձակումներից պաշտպանելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG