Մատչելիության հղումներ

«Ազատություն» ռադիոկայանի նախագահը դատապարտում է ուզբեկական ծառայության նախկին թղթակցի ազատազրկումը


«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի ուզբեկական ծառայության նախկին թղթակից Սալիջոն Աբդուռահմոնովը ուրբաթ օրը ուզբեկական դատարանի կողմից դատապարտվել է 10 տարվա ազատազրկման` ապօրինաբար թմրանյութեր պահելու մեղադրանքով: Մարդու իրավունքների պաշտպանության եւ լրատվամիջոցների իրավունքների պաշտպանության կազմակերպությունները մեղադրանքը որակել են «շինծու» եւ «Ուզբեկստանի իշխանությունների հասցեին հնչող քննադատությունը լռեցնելու փորձ»:

Լրագրողի ազատազրկումը դատապարտել է «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի նախագահ Ջեֆրի Գեդմինը: Նրա խոսքով, Աբդուռահմոնովի գործը «եւս մեկ օրինակ է, որը ցույց է տալիս, որ Ուզբեկստանի իշխանությունները ջանում են երկրում վերացնել ազատ խոսքի եւ անկախ քննադատության վերջին մնացորդները»:

Աբդուռահմոնովը ձերբակալվեր էր անցած հունիսին երկրի արեւմուտքում գտնվող Նուկուս քաղաքում: Լրագրողի փաստաբանի խոսքով, իր պաշտպանյալի նկատմամբ մեղադրանքը շինծու է. - «Ամեն ինչ բեմականացված էր»:

Սալիջոն Աբդուռահմոնովը «Ազատություն» ռադիոկայանի ուզբեկական ծառայությունում աշխատել է մինչեւ 2005 թվականը, երբ փակվեց ռադիոկայանի Տաշքենդի բյուրոն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG