Մատչելիության հղումներ

Վարչական դատարանը այսօր սկսեց քննել «Հայկական Ժամանակ» օրաթերթի հիմնադիր «Դարեսկիզբ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հայցը` Երեւանի Կենտրոն համայնքի ավագանու որոշումը անվավեր ճանաչելու պահանջով:

Դեռ 2003 թվականին Կենտրոնի համայնքի թաղապետարանի հետ կնքվել է պայմանագիր, համաձայն որի «Հայկական ժամանակ» օրաթերթին անհատույց օգտագործման է տրամադրվել խմբագրության ներկայիս տարածքը: Համաձայն կնքված պայմանագրի` «Հայկական ժամանակ»-ը այդ տարածքում պետք է գործունեություն ծավալեր մինչեւ 2007 թվականի օգոստոսը, եւ քանի որ կողմերը առարկություններ չեն ունեցել, ժամկետը երկարացվել է:

Իսկ արդեն այս տարվա ապրիլին, ըստ հայցվոր կողմի ներկայացուցիչ Տիգրան Աթանեսյանի, Կենտրոն համայնքի թաղապետի գրությանը կից, թաղապետի ստորագրությամբ «Հայկական ժամանակ» է ուղարկվել համայնքի ավագանու որոշումը, որով տեղեկացվում է, որ թաղապետարանը «ոչ նպատակահարմար է գտնում տարածքները հայցվորին նոր ժամկետով տրամադրելը», «հրաժարվում է կնքված պայմանագրից» եւ «տարածքները տրամադրում է երրորդ անձի»:

Հայցվոր կողմը որոշումը համարում է «ոչ իրավաչափ» եւ հրաժարվում կատարել դրա պահանջները, համարելով, որ այդ որոշումը հակասում է Հայաստանի Հանրապետության օրենքներին եւ միջազգային համաձայնագրերին: Թեեւ հայցվոր կողմի ներկայացուցիչը գտնում է, որ համայնքն իրավունք ունի տնօրինելու իր գույքը ըստ հայեցողության, այդուամենայնիվ, ըստ հայցվորի ներկայացուցչի «պատասխանողը պետք է... լրատվական գործունեություն իրականացնող կազմակերպությունների հետ առնչվելիս առնվազն որպես հիմք ընդուներ Հայաստանի կառավարության մոտեցումները, որոնք արտահայտվել են հանգուցյալ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի օրոք, երբ պետական սեփականություն հանդիսացող տարածքները անհատույց օգտագործման իրավունքով տրվել են մեծ թվով լրատվական տարբեր գործունեություն իրականացնող կազմակերպությունների, այդ թվում` ընդդիմադիր թերթերի»:

Ավագանու որոշման մեջ նշված է, թե տարածքը տրամադրվում է մանկական գեղագիտական կենտրոնի:

«Նպատակի շինծու լինելը ակնհայտ է», - հայտարարեց հայցվորի ներկայացուցիչը: - «Որոշման միակ իրական նպատակը խոսքի ազատության սահմանափակումն է»:

«Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը ներկայումս հետախուզման մեջ է` հետընտրական զարգացումների առնչությամբ հարուցված քրեական գործի շրջանակներում: Նա Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած Համաժողովրդական շարժման ղեկավար ներկայացուցիչներից է, հաճախ ելույթներ էր ունենում ընդդիմության հանրահավաքներին:

Պատասխանող կողմը դատարանում ներկայացնում էր Զավեն Առաքելյանը, ով, հղում անելով Քաղաքացիական օրենսգրքին, հայտարարեց, թե կողմերից յուրաքանչյուրը ցանկացած ժամանակ կարող է հրաժարվել գույքի անհատույց օգտագործման պայմանագրից` մեկ ամիս առաջ այդ մասին ծանուցելով մյուս կողմին, ինչը իրենք արել են:

«Որոշումը ընդունվել է ավագանուն վերապահված լիազորությունների շրջանակում եւ չի հակասում որեւէ իրավական ակտի, ուստի հայցադիմումը համարում ենք անընդունելի եւ մերժման ենթակա», - դատարանում հայտարարեց Զավեն Առաքելյանը:


Հովհաննես Շողիկյան

(լուսանկարում` «Հայկական ժամանակ»-ի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG