Մատչելիության հղումներ

«Տարածքների հանձնումը կանխելու միակ ձեւը արագ իշխանափոխությունն է»


Մի շարք ազատամարտիկների համոզմամբ, Հայաստանի ղեկավարությունը համաձայնել է Ադրբեջանին հանձնել գրավյալ տարածքները, եւ դա կանխելու միակ ձեւ «արագ իշխանափոխությունն է»:

Ազատամարտիկներն իրենց կարծիքն արտահայտեցին «Ազատագրված տարածքների պաշտպանություն» հասարակական նախաձեռնության` այսօր կազմակերպած «կլոր սեղանի» քննարկումների ընթացքում:

Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ «ուղղակի վստահ է, որ Հայաստանի իշխանությունները, մասնավորապես Սերժ Սարգսյանը համաձայնել է հանձնել տարածքները»:

«Ամեն ինչ հստակ է», - ասաց նա` վկայակոչելով Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը, թե «մնացել է 2-3 խնդիր, եւ դրանցից մեկը Լաչինի միջանցքի հետ կապված խնդիրն է». - «Մեր տեղեկություններով, բանակցությունը գնում են, թե Լաչինի միջանցքը քանի կիլոմետր լայնություն պետք է ունենա` 15, 20, 25: Այսինքն` մնացած տարածքները արդեն հանձնել են»:

«Սերժ Սարգսյանը սա չի հերքել մինչեւ օրս», - հավելեց Սեֆիլյանը: - «Տակավին ի՞նչ պետք է լինի, որ հավատաք, որ այդպես է... Այսօրվա ռեժիմի պարագլուխները տվել են իրենց համաձայնությունը, եւ դրա իմաստը մեկն է` պահպանել իրենց աթոռը, որովհետեւ իրենք շատ լավ գիտեն, որ ընտրված չեն, լեգիտիմ չեն»:

Նրա ձեւակերպմամբ` արագ իշխանափոխությունը «դա ամենաքաղաքակիրթ ձեւն է կանխելու պատրաստվող դավադրությունը»:

Ազատամարտիկ Սամսոն Ղազարյանի համոզմամբ, Ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում հայկական կողմի համար վտանգավոր զարգացումներից խուսափելու միակ ճանապարհը նոր ընտրություններն են:

«Տա Աստված, որ գիտակցությունն ունենա [Սերժ Սարգսյանը] եւ ինքնակամ հրաժարվի: Բայդ դա չի լինելու», - ասաց Ղազարյանը: - «Հետեւաբար մենք պարտավոր ենք պարտադրել այդ հրաժարականը»:

Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի կարծիքով, եթե Հայաստանի իշխանություններն իսկապես հանձնեն տարածքները, ապա արդյունքում «կկորցնեն ողջ Հայաստանը»:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG