Մատչելիության հղումներ

logo-print

Բիշքեկում կայացել է Լավրով - Նալբանդյան - Մամեդյարով եռակողմ հանդիպում


Այսօր Բիշքեկում կայացել է Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության պետի պաշտոնակատար Տիգրան Բալայանը, Սերգեյ Լավրովը, Էդվարդ Նալբանդյանը եւ Էլմար Մամեդյարովը քննարկել են մադրիդյան առաջարկների հիման վրա ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հետ կապված հարցեր:

Հանդիպումը կայացել է ԱՊՀ-ի անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստի շրջանակներում:

Հանդիպումից հետո հայ լրագրողների հետ զրույցում Էդվարդ Նալբանդյանը մեկնաբանություններով է հանդես եկել ղարաբաղյան բանակցային գործընթացի ներկա փուլի վերաբերյալ:

Պատասխանելով ղարաբաղյան կարգավորման առանցքային հարցերի համաձայնեցված լինելու մասին «տարբեր մայրաքաղաքներում» հնչող կարծիքներին վերաբերող հարցին` Հայաստանի արտգործնախարարը, մասնավորապես, հայտարարել է. - «Ես ասել եմ, ու նորից կցանկանայի կրկնել, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի առանցքային հարցը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցն է, որը պետք է լուծվի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կողմից իր կամքն ազատ արտահայտելու միջոցով: Եվ եթե հնչում են կարծիքներ, որ առանցքային հարցերը լուծված են, ապա կարելի է եզրակացնել, որ հենց այդ հարցերի շուրջ փոխըմբռնում կա»:

Ինչ վերաբերում է որոշ վերլուծաբանների այն տեսակետներին, թե բանակցությունների ներկա փուլում Հայաստանը ոչ նպաստավոր դիրքում է գտնվում, ապա Նալբանդյանն ասել է, որ «չի կարծում, թե դրանք լուրջ վերլուծություններ են, ավելին, դրանք նման են հիվանդ երեւակայությունների»:

Բանակցային գործընթացի վրա Ադրբեջանում հոկտեմբերի 15-ին անցկացվելիք նախագահական ընտրությունների հնարավոր ազդեցության առնչությամբ Հայաստանի արտգործնախարարը նշել է, որ նախագահական ընտրություններից հետո բանակցություններն ավելի ակտիվ փուլ կմտնեն, եւ հնարավորություն կլինի նոր հանդիպումներ կազմակերպել:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG