Մատչելիության հղումներ

logo-print

Համաշխարհային ֆինանսական ճգնաժամը շարունակվում է


Մոլորակի տնտեսապես առավել հզոր 7 երկրների՝ ԱՄՆ-ի, Կանադայի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Գերմանիայի եւ Ճապոնիայի ֆինանսների նախարարներն այսօր տարեկան ժողով են գումարում Վաշինգտոնում:

Միացյալ Նահանգների մայրաքաղաքում հոկտեմբերի 13-ին նախատեսված է Արժույթի միջազգային հիմնադրամի եւ Համաշխարհային բանկի տարեկան ժողովը, որին մասնակցելու է նաեւ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի ղեկավարած պատվիրակությունը:

Արժույթի միջազգային հիմնադրամի մասնագետները երեկ հրապարակել են «Մոլորակի տնտեսության հեռանկարի» զեկույցը, ըստ որի տնտեսությունը հայտնվել է ծանր ճգնաժամի մեջ, որից դուրս գալու համար գալիք տարվա ընթացքում կպահանջվեն ցավագին եւ դժվար վճիռներ:

«Սա անցած դարի 30-ական թվականներից հետո աշխարհի շուկաներին պատուհասած ամենավտանգավոր ցնցումն է», - ասվում է զեկույցում, որը Արժույթի միջազգային հիմնադրամը պատրաստում է երկու տարին մեկ:

Այդ մռայլ կանխատեսումները հաստատում են ներկայիս զարգացումները. Ուոլ Սթրիթում երեկ գրանցված անկումից հետո անմիջապես լուրջ անկում է տեղի ունեցել Ասիայի եւ Եվրոպայի բորսաներում: Ճապոնիայում դա ամենալուրջ անկումն էր անցած 2 տասնամյակի կտրվածքով, իսկ Եվրոպայում անկումը 10-ը տոկոս է կազմել: Ռուսաստանում դիմել են այս պարագայում հնարավոր հաճախ կիրառվող միակ միջոցին՝ պարզապես դադարեցրել են սակարկումները:

Վաշինգտոնում «յոթնյակի» ֆինանսների նախարարներն ու կենտրոնական բանկերի նախագահները քննարկելու են համաշխարհային ֆինանսական համակարգը համատեղ ջանքերով առողջացնելու հնարավորությունը:

Վաղը նախարարներին ընդունելու է Միացյալ Նահանգների նախագահ Ջորջ Բուշը, ով այսօր հատուկ ուղերձով դիմելու է հայրենակիցներին եւ հորդորելու է խուճապի չմատնվել եւ հավատալ, որ Վաշինգտոնի ձեռնարկած քայլերը թույլ կտան հաղթահարել այս ճգնաժամը:

Համաշխարհային ֆինանսական ճգնաժամի խնդիրը քննարկվել է նաեւ Բիշկեկում գումարված ԱՊՀ գագաթնաժողովում: ԻՏԱՌ-ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ, ԱՊՀ-ի երկրների ղեկավարները որոշել են ստեղծել հատուկ աշխատանքային խումբ, որում ընդգրկված ֆինանսների նախարարները առաջիկա 10 օրվա ընթացքում կհանդիպեն Մոսկվայում:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG