Մատչելիության հղումներ

Վրաստանը պաշտոնապես կդադարի ԱՊՀ-ի անդամ լինել 2009-ի օգոստոսից


ԱՊՀ-ի անդամ երկրների արտգործնախարարների խորհուրդը Բիշքեկում կայացած նիստի ժամանակ տեխնիկական որոշում է ընդունել կազմակերպությանը Վրաստանի անդամակցությունը դադարեցնելու մասին: Այդ մասին այսօր տեղեկացրել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը` ճշգրտելով, որ «դա տեղի կունենա 2009 թվականի օգոստոսին»:

Լավրովի խոսքերով` «հանձնարարված է իրականացնել այն համաձայնագրերի գույքագրում, որոնցով Վրաստանը պարտավորություններ ունի»:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ` Ռուսաստանի արտգործնախարարը հայտնել է նաեւ, որ որոշում է ընդունվել դադարեցնել Աբխազիայում ԱՊՀ-ի խաղաղապահ ուժերի գործունեությունը:

ԱՊՀ-ից դուրս գալու` Վրաստանի որոշման կապակցությամբ Լավրովը ասել է, թե «դա ինքնիշխան որոշում է, սակայն կարելի է ափսոսանք հայտնել, քանի որ ԱՊՀ-ում համագործակցությունից շահում են բոլորը»: Միաժամանակ, նա հայտարարել է, թե «ԱՊՀ-ին Վրաստանի անդամակցության դադարեցումից բացասական հետեւանքներ չի տեսնում, քանի որ Վրաստանի մասնակցությունը վերջին ժամանակներս հազիվ թե նպատակաուղղված էր ԱՊՀ-ի համախմբմանը»:

ԱՊՀ-ից Վրաստանի դուրս գալու մասին երկրի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին հայտարարել է օգոստոսի 12-ին, իսկ երկու օր անց խորհրդարանը միաձայն համապատասխան որոշում է ընդունել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG