Մատչելիության հղումներ

Սարգիս Հացպանյանի տունը հսկվում է ոստիկանների կողմից


Ֆրանսիայի քաղաքացի Սարգիս Հացպանյանի երեւանյան տունը հսկվում է ոստիկանների կողմից: Այդ մասին նա հայտնեց «Ազատություն» ռադիոկայանի հետ հեռախոսազրույցում:

«Մարտի 1-ի տուժածներից եմ ես, այդ հարձակման ենթարկված անձանցից` Ազատության հրապարակում: Այդ հարձակումից հետո անմիջապես` հենց մարտի 1-ին, հասել եմ արցախյան ազատագրված տարածքներ, այդտեղ եմ գտնվել: Երեկ առաջին անգամ գիշերը ժամանել եմ Երեւան եւ ուզեցել եմ երեխաներիս տեսնել, կնոջս տեսնել: Բայց իմանալով, որ ոստիկանությունը հսկում է տունը` չեմ մոտեցել: Ամսի 8-ին հանդիպել եմ լրագրողների, իրավապաշտպանների, կապվել եմ նաեւ Հայ ազգային կոնգրեսի պատասխանատու անձանց հետ, պատմել եմ եղելությունը, ասել եմ, որ այսպիսի իրավիճակ է, բայց անպայման ուզեցել եմ երեխաներիս եւ կնոջս տեսնել ու եկել եմ տուն: Տուն գալուցս մի 10-15 րոպե հետո ոստիկանությունը արդեն եկել է, որ իրենց հետ գնամ: Մերժել եմ դուրս գալը, որովհետեւ ես ապօրինի գործողություն կատարելու բոլորովին պատրաստ անձնավորություն չեմ, օրինապաշտ եմ, օրենքի շրջանակներում եմ եղել միշտ եւ որեւէ օրենք չեմ խախտել», - պատմեց Սարգիս Հացպանյանը:

Նա տեղյակ չէ` արդյոք իրեն որեւէ մեղադրանք առաջադրվա՞ծ է. - «Ես դա չգիտեմ, քանի որ իրենց հետ ոչ մի շփում չեմ ունեցել: Միակ շփումը, որ ես իրենց հետ ունեցել եմ, եղել է մարտի 1-ի առավոտյան, քանի որ իրենք առանց ներկայանալու նույնիսկ մեզ բոլորիս խոշտանգել են, ջարդել են, փշրել են: Ամսի [փետրվարի] 20-ին Ֆրանսիայի հյուպատոսը եկել է, որպեսզի ես իրենց հետ միասին մեկնեմ Ֆրանսիայի դեսպանություն ու այդտեղ ապաստանեմ: Ես ասել եմ, որ ես իմ ճակատագիրը ոչ թե Ֆրանսիայի Հանրապետության, այլ Հայաստանի ժողովրդի հետ եմ կապել»:

Հացպանյանը հայտնեց, որ ոստիկանների կողմից իր տան հսկողության մասին հեռախոսով պատմել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության գլխավոր հյուպատոս Ժակի Շարոտին: Հեռախոսազրույցը ձայնագրվել է, ուղարկվել Ստոկհոլմ եւ հավանաբար վաղը կհանձնվի Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգին: Հացպանյանի վկայությամբ` Շվեդիայի պատգամավորները վաղը Եվրախորհրդում բարձրացնելու են այս հարցը:

Նրա խոսքերով` Ֆրանսիայի հյուպատոսը խոստացել է պարզել, թե ինչ է կատարվում. - «Որովհետեւ, ասում է, «ըստ մեր ունեցած տվյալների, դուք առայսօր Հայաստանի Հանրապետությունում որեւէ օրենքի խախտում չեք կատարել, որեւէ դատավորի սանկցիա չկա, որեւէ դատախազի ցուցմունք չկա, ոչ մի բան չկա ձեր հանդեպ, մենք զարմացած ենք այս եղելությունից, անակնկալ է»:

Սարգիս Հացպանյանը փոխանցեց նաեւ լրագրողներից իր լսածը, ըստ որի` ոստիկանները հայտարարել են, թե իրեն Հայաստանի Հանրապետությունից արտաքսելու որոշում կա:


Հովհաննես Շողիկյան

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG