Մատչելիության հղումներ

Տնտեսության մրցունակության առումով Հայաստանը 134 երկրների շարքում 97-րդ տեղում է


Հայաստանը տնտեսության մրցունակության տեսանկյունից աշխարհի 134 երկրների շարքում գրավում է 97-րդ հորիզոնականը` Սենեգալի, Դոմինիկյան Հանրապետության եւ Ալժիրի հարեւանությամբ:

Ուսումնասիրությունը կատարել է Համաշխարհային տնտեսական համաժողովը, որը 1970-ականներից աշխատում է աշխարհում տնտեսության զարգացման եւ ամրապնդման ուղղությամբ ու ամեն տարի կազմակերպում է Դավոսի հանրահայտ տնտեսական համաժողովը:

Երեկ երեկոյան հրապարակված զեկույցի համաձայն` Հայաստանը, նախորդ տարվա համեմատ թեեւ աննշան, այդուամենայնիվ, նահանջ է արձանագրել:

Իրենց եզրակացություններին միջազգային փորձագետները հանգել են` ուսումնասիրելով ոչ միայն տնտեսական ցուցանիշները, այլեւ հաշվի առնելով գործարարների գնահատականներն ու կարծիքները:

Ի պատասխան փորձագետների այն հարցի, թե որո՞նք են Հայաստանում գործարարությանը վնասող ամենամեծ խնդիրները, գործարարները մատնանշել են, առաջին հերթին, կոռուպցիան, ապա` հարկային վարչարարությունը:

Հարցման մասնակիցները խնդիրների շարքում նշել են նաեւ կառավարության անարդյունավետ վարչարարությունը, դրամի արժեզրկումը, անհամապատասխան կրթություն ստացած աշխատուժն ու անկայուն քաղաքականությունը:

«Այս զեկույցը կարող է հնարավորություն ընձեռել կառավարություններին` իմանալ գործարար միջավայրում անմիջականորեն ներգրավված մարդկանց մտահոգությունները եւ աշխատել առաջընթաց արձանագրելու ուղղությամբ», - ասում է մրցունակության ոլորտում հայտնի փորձագետ, Հարվարդի համալսարանի պրոֆեսոր Մայքլ Փորթերը: - «Սա, նախ եւ առաջ, կարող է խթանել կառավարությունների աշխատանքը, փոփոխությունների առիթ դառնալ եւ վերհանել գերակա ուղղությունները: Կարծում եմ, սա մի գործիք է, որը լայնորեն կարող է օգտագործվել տնտեսական քաղաքականությունը որոշելիս եւ դրանով իսկ հսկայական ազդեցություն ունենալ տնտեսության զարգացման վրա»:

Ուսումնասիրության ընթացքում դիտարկվել են նաեւ տնտեսության մրցունակությունը բնորոշող 12 չափորոշիչներ` սկսած մակրոտնտեսական կայունությունից մինչեւ ինովացիոն տեխնոլոգիաների կիրառումը:

Ըստ այդմ, փորձագետները նշում են, որ Հայաստանում գայթակղիչ է աշխատուժի արդյունավետությունն ու աշխատանքի ընդունելու-ազատելու պրակտիկան: Այստեղ հարկերի ընդհանուր մակարդակը բարձր չէ, իսկ նոր գործ սկսելու համար երկար ժամանակ չի պահանջվում:

Մյուս կողմից, սակայն, ըստ փորձագետների, կաղում է արդարադատության անկախությունը, քաղաքական գործիչների նկատմամբ հասարակության վստահությունն ու ենթակառուցվածքները:

Տեղական մրցունակության եւ հակամենաշնորհային քաղաքականության արդյունավետության առումով Հայաստանը 134 երկրների շարքում գրավել է նախավերջին հորիզոնականները:


Հեղինե Բունիաթյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG