Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«168 ժամ»-ը գրում է. - «Արդեն մի քանի շաբաթ է` միջազգային հանրությունը, բառի բուն իմաստով, ապրում է համաշխարհային տնտեսական ճգնաժամով` դրա խորացման վերաբերյալ սարսափով կամ հաղթահարման դեռեւս մշուշոտ հեռանկարով: Հայաստանում, սակայն, ամեն ինչ խաղաղ է. համաշխարհային տնտեսական ճգնաժամը, համենայնդեպս, մինչ օրս որեւէ կերպ չի ազդել մեր տնտեսության վրա: Առաջին հայացքից, իհարկե, կարելի է միայն ուրախանալ: Սակայն, ցավոք, դա պայմանավորված է ոչ թե նրանով, որ մեր տնտեսությունն անխոցելի է, որ մենք ունենք գերկայացած ֆինանսական համակարգեր ու ենթակառուցվածքներ, ռիսկերը կանխատեսող ու համապատասխան քայլեր ձեռնարկող կառավարիչներ... այլ այն պարզ պատճառով, որ ժամանակակից պատկերացումներով տնտեսություն` որպես այդպիսին, մենք չունենք»:

«Ազգ»-ն այսօր զետեղել է մի ծավալուն վերլուծություն «հեղափոխության հաջողությունների եւ թերությունների մասին»: Մեկնաբանը գրում է. - «Նախկին ԽՍՀՄ հանրապետությունների տարածքում գունավոր հեղափոխությունների պարանը Հայաստանում վերածվել է իսկական գորդյան հանգույցի, որը քանդել չի հաջողվում արդեն մի քանի տարի... Արդեն անցյալ տարվա հոկտեմբերին հստակ դարձավ, որ հասարակական լայն զանգվածները տվել էին իրենց համաձայնությունը ոչ միայն Լեւոն Տեր-Պետրոսյանին քաղաքական այլընտրանք տեսնելուն, այլեւ նրա գլխավորությամբ հայկական երկարաձգված հեղափոխություն իրականացնելու համար»: «Եթե մարտյան արյունալի իրադարձությունների պատասխանատուն իշխանությունն է, ապա մարտի մեկի ձախողված հայկական հեղափոխության պատասխանատվությունն ընկնում է Լեւոն Տեր-Պետրոսյանի վրա, ապա եւ` նրան աջակցող կուսակցությունների առաջնորդների», - շարունակում է մեկնաբանը` եզրակացնելով. - «Հայաստանի հանրային կյանքն այսօր կարող է լիցքաթափել միայն իշխանությունը, որը պետք է անհապաղ իրականացնի մի շարք քայլեր` քաղբանտարկյալների ազատ արձակում, ժողովրդավարական ազատությունների ապահովում` այդ թվում մամուլի, խոսքի բազմակարծության ապահովում, մարտի 1-ի արյունալի դեպքերի քաղաքական եւ իրավական գնահատական, կոռուպցիայի հաղթահարում, անպատժելիության վերացում, արդարության հաստատում»:

«Հայկական ժամանակ»-ի թղթակիցը զրույցել է քաղաքագետ Մանվել Սարգսյանի հետ: Տալով վերջին շրջանի քաղաքական գնահատականը` Մանվել Սարգսյանը ասել է. - «Միակ բանը, որ մարդիկ զգացել են, դա ընդհանուր քրեականացվածության աճն է: 6-7 ամսվա մեջ մարդիկ պարզ տեսան դա: Այլ փոփոխություն ո՞վ է նկատել: Ոչ ոք: Բոլորը խոսակցություններ են, վիրտուալ խոսակցություններ, որ իրականության մեջ գոյություն չունեն: Գալուստ Սահակյանը ասաց. աշնանը գները 30-40 տոկոսով կիջնեն: Կատարվեց հակառակը: Խոսեցին, որ մի կես տարում տեսեք ինչեր կլինեն, բայց իրականում ոչ ոք չի կարող ասել, թե փոփոխություններ եղան: Իսկ դա մարդկանց վրա ազդում է»:

«Առավոտ»-ը զրուցել է իրավապաշտպան Վարդան Հարությունյանի հետ: Վերջինս նշում է. - «Եվրակառույցների մեր պատվիրակությունները, Հայաստանի վերաբերյալ հերթական անբարենպաստ զեկույցը մեկնաբանելիս, հրճվանքով նշում են, որ դրանք ունեն միայն խորհրդատվական բնույթ, պարտադիր կատարման ենթակա չեն: Նրանք չեն հասկանում, որ մի օր դրանք դառնալու են պարտադիր պայման, եւ եվրոպական համայնքն էլ չի հանդուրժելու այս ամենը՝ սպանություններ, շինծու քրգործեր, մարդու իրավունքների ոտնահարումներ... ինչպես չեն հանդուրժում Իրանում, Հյուսիսային Կորեայում եւ նման այլ երկրներում: Ցանկացած առաջարկ, որ գալիս է եվրակառույցներից, չեն կատարում, որովհետեւ պարտադրանք չկա: Կարծես սպասում են պարտադրանքի, երբ ստիպված են լինելու ազատել քաղբանտարկյալներին, չկրակել ցուցարարների վրա, հարգել մարդու իրավունքները: Սա է նրանց աշխարհընկալումը՝ քանի հնարավոր է՝ բարբարոս են, իսկ եթե ստիպեն՝ քաղաքակիրթ մարդու դիմակ կհագնեն»:

«Հայոց Աշխարհ»-ը կրկին անդրադարձել է իրենց կողմից գաղտնալսումների հրապարակման փաստին. - «Անցյալ ամիս մեր օրաթերթի մի քանի համարներում տպագրվեցին նախկին արտգործնախարար, Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի պետ Ալիկ Արզումանյանի գաղտնալսված հեռախոսազրույցները ինչպես նրա անմիջական շեֆի՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի, այնպես էլ Նիկոլ Փաշինյանի, Ավետիս Ավագյանի եւ տարբեր տրամաչափի ակտիվիստների հետ։ Գաղտնալսումները իսկական խուճապ առաջացրին հեղափոխական վերնախավի շրջանում։ Նրանք, բնականաբար, գաղտնալսումների արդյունք յուրաքանչյուր բացահայտումից հետո լարված սպասում էին, տեսնելու, թե մարտի 1-ի օպերացիայի կոորդինատոր Ալիկ Արզումանյանի հերթական հեռախոսազրույցը հհշական որ կարկառուն գործչի հետ է եւ մարտի 1-ի սցենարը կազմակերպելու ի՞նչ նոր փաստ է բացահայտում»: Մեկնաբանը շարունակում է . - «Ֆրանսիայի դեսպանատան հարակից տարածքում տեղի ունեցած իրադարձությունների խրոնիկան ժամ առ ժամ եւ րոպե առ րոպե է հաղորդվել Ալիկ Արզումանյանին։ Բնականաբար այնպիսի նատուրալիստական տեսարանը, ինչպիսին են արյան մեջ երեւացող մարմնամասերը, չէին կարող ականատեսներ չունենալ եւ չէին կարող չհաղորդվել հհշական բոսերին (ի մասնավորի՝ Ալիկ Արզումանյանին)»։

«Չորրորդ իշխանություն»-ը անդրադարձել է մեր քաղաքական մի նոր իրողության. - «Ժամանակ առ ժամանակ Սերժ Սարգսյանը հայտարարում է, թե Հայաստանը պիտի ապրի «հայկական» աշխարհում: Գործնականում դա նշանակում է, որ Հայաստանում ներդրումներ կատարողները եւ Հայաստան եկող զբոսաշրջիկները պիտի հիմնականում հայեր լինեն: Հայաստանը պիտի արտահանի հիմնականում կոնյակ, ծիրան ու բաստուրմա` նախատեսված սփյուռքահայերի համար, եւ այլն: Սա նույն գետտոյի սկզբունքն է, բայց արդեն համաշխարհային մասշտաբով: Այսպես, իհարկե, մի որոշ ժամանակ հնարավոր է գոյատեւել, բայց ցանկացած գետտո ի վերջո վերանում է: Համենայն դեպս, զարգացման մասին խոսք լինել չի կարող, որովհետեւ զարգացման համար անհրաժեշտ է շփվել արտաքին աշխարհի հետ»:

«Հրապարակ»-ի թղթակիցը զրուցել է Լեւոն Տեր-Պետրոսյանի խոսնակ Արման Մուսինյանի հետ, որը, ըստ թերթի, չի ընդունում «ընդդիմություն - իշխանություն կապի սերտացում» արտահայտությունը: Փոխարենը նա նշում է, որ Հայ ազգային կոնգրեսի խնդիրն իշխանությունների հետ երկխոսության գնալ է` եթե, իհարկե, վերջիններս կատարեն Կոնգրեսի առաջադրած պայմանները. - «Մենք երկխոսությունից երբեք չենք հրաժարվել: Եվրոպայի խորհուրդը մեկ պահանջ է դրել, մենք` մեկ պահանջ. քաղբանտարկյալներին, բոլոր պատանդներին, մեր բոլոր գերի ընկած ընկերներին ազատելուց հետո Հայ ազգային կոնգրեսը, նրա մեջ միավորված բոլոր կուսակցությունները պատրաստ են երկրում լայնածավալ ժողովրդավարական բարեփոխումներ անցկացնելու հարցում երկխոսության գնալ»:


Աղասի Ենոքյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG