Մատչելիության հղումներ

Դատարանը մասնակիորեն բավարարեց ընդդիմության հայցը


Չորեքշաբթի օրը Երեւանի վարչական դատարանը մասնակիորեն բավարարեց ընդդիմության հայցը, որով վիճարկվում էր Երեւանի քաղաքապետարանի հոկտեմբերի 2-ի` Հյուսիսային պողոտայում հոկտեմբերի 17-ին հանրահավաք եւ երթ անցկացնելու հայտը մերժելու վերաբերյալ որոշման օրինականությունը: Դատարանը ընդդիմությանը առաջարկել է հանրահավաքն անցկացնել Մատենադարանին հարող տարածքում, իսկ երթի անցկացումն արգելել է:

Դատավոր Արծրուն Միրզոյանը հրապարակեց վճիռը, ըստ որի անվավեր ճանաչվեց Երեւանի քաղաքապետի լիազոր ներկայացուցիչ Գագիկ Բաղդասարյանի որոշումը` հանրահավաքն արգելելու մասով, հայցվորին [ընդդիմադիր «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանին], այդուհանդերձ, արգելվեց նշված օրը հանրահավաք անցկացնել Հյուսիսային պողոտայում, սակայն իրավունք տրվեց նույն օրը նույն ժամին հանրահավաք անցկացնել Մատենադարանին հարող տարածքում:

Պարզաբանելով` Միրզոյանը ասաց. - «Երթն արգելված է, հանրահավաքը` ոչ»:

Հանրահավաքը Մատենադարանի մոտ անցկացնելու առաջարկով հանդես է եկել Երեւանի քաղաքապետարանի իրավաբանական վարչության ներկայացուցիչը:

Հյուսիսային պողոտայում հանրահավաքի անցկացումը մերժելու հիմնավորումներից են` «այնտեղ կա շինհրապարակ, նաեւ` թունել, անցումներ», «բողոքներ են ստացվել պողոտայի բնակիչներից եւ այդտեղ առեւտրային գործունեություն ունեցողներից»:

Հայցը վարչական դատարան էր ներկայացրել «Հանրապետություն» կուսակցության ղեկավար անդամ Արտակ Զեյնալյանը, ով վճռի հրապարակումից հետո «Ազատություն» ռադիոկայանին ասաց. - «Այս վճիռը որեւէ աղերս չունի իրավունքի ու օրենքի հետ»:


Անուշ Մարտիրոսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG