Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյան. «Մենք ձգտում ենք դեպի եվրոպական արժեքներ»


«Մենք ձգտում ենք դեպի եվրոպական արժեքներ, եւ մեր նպատակն է, որպեսզի Հայաստանը դառնա ժամանակակից, ուժեղ երկիր, որտեղ մարդն իրեն բարեկեցիկ, ապահով եւ իրավունքները պաշտպանված զգա», - հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը` այսօր ընդունելով Շվեյցարիայի Դաշնային ժողովի Շվեյցարիա-Հայաստան խորհրդարանական խմբի անդամներին:

Նախագահը կարեւորել է Շվեյցարիայի հետ համակողմանի կապերի զարգացումը` հայ-շվեյցարական համագործակցության մեջ առանձնահատուկ տեղ վերապահելով խորհրդարանական հարաբերություններին: Սերժ Սարգսյանը իր երախտագիտությունն է հայտնել Շվեյցարիայի Ազգային խորհրդի կողմից 2003 թվականին Հայոց ցեղասպանությունը ճանաչելու առթիվ:

Ըստ նախագահի` գործակցության հետագա ամրապնդման համար նշանակալի քայլ կլինի Հայաստանում Շվեյցարիայի դիվանագիտական ներկայացուցչության հիմնումը:

Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` Սերժ Սարգսյանը ողջունել է տարածաշրջանի, Հայաստանի զգայուն խնդիրների նկատմամբ Շվեյցարիայի հավասարակշռված մոտեցումը: Ղարաբաղյան խնդրի վերաբերյալ նա ասել է. - «Մեր նպատակն է փոխզիջումների հիման վրա հասնել խնդրի խաղաղ կարգավորման` հաշվի առնելով պատմական իրողությունները եւ, իհարկե, առաջին հերթին մարդկանց ապագան»:

Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին` նախագահը վերահաստել է, որ հայկական կողմը պատրաստ է առանց նախապայմանների հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ, որից հետո արդեն, որպես հարեւաններ, քննարկել բազմաթիվ խնդիրներ:

Շվեյցարիա-Հայաստան խորհրդարանական խմբի ղեկավար Քրիստին Էգերզեգի-Օբրիստը երկու ժողովուրդներին միացնող կարեւոր գիծ է համարել Շվեյցարիայի կողմից հայ ժողովրդի նկատմամբ տածած համերաշխության զգացումը: Պատգամավորի խոսքով` «ցեղասպանության ճանաչումը դարձավ յուրատեսակ մեկնակետ` սկիզբ առնելով պատմությունից, միտվեց դեպի ապագան»:


(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG