Մատչելիության հղումներ

logo-print

Միացյալ Նահանգները դեմ է Կոսովոն երկու մասի տարանջատելու գաղափարին


Միացյալ Նահանգները կտրականապես դեմ է Կոսովոն սերբական եւ ալբանական հատվածների տարանջատելու` պարբերաբար հնչեցվող առաջարկին: Այս մասին երեկ Կոսովոյի մայրաքաղաք Պրիշտինայում հայտարարել է ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսը:

«Չեմ կարծում, թե Կոսովոյի բաժանումը կարող է խնդրի լուծում լինել այսօր կամ ապագայում: Միացյալ Նահանգները պաշտպանում է Կոսովոյի տարածքային ամբողջականության գաղափարը», - ասել է Գեյթսը:

Փետրվարին Կոսովոյի անկախության հռչակումից հետո երկրամասի հյուսիսում բնակվող սերբերը այդպես էլ չենթարկվեցին ալբանական իշխանություններին: Բելգրադում էլ քաղաքական որոշ շրջանակներ չեն բացառում, որ Կոսովոյի հյուսիսային մասը, մասնավորապես` սերբերով բնակեցված Կոսովսկա-Միտրովիցա քաղաքը, կարող է միացվել Սերբիային:

ԱՄՆ-ի պաշտպանության նախարարը, ով այսօր մակեդոնական Օհրիդ քաղաքում մասնակցելու է բալկանյան պետությունների, ինչպես նաեւ Հունաստանի եւ Թուրքիայի պաշտպանության նախարարաների հավաքին, ընդգծել է, որ Պենտագոնը շարունակելու է աջակցել Կոսովոյի բանակի, կամ ինչպես այն պաշտոնապես կոչվում է` Անվտանգության ուժերի կազմավորմանը:
«Մենք ակնկալում ենք, որ կձեւավորվեն մի շարք զորատեսակներից բաղկացած պրոֆեսիոնալ անտանգության ուժեր, որոնք կգտնվեն հստակ քաղաքացիական վերահսկողության ներքո», - ասել է նա:

Պրիշտինայում Գեյթսը հայտնել է նաեւ, որ ամերիկյան կողմը կշարունակի զենք եւ զինամթերք մատակարարել Կոսովոյի ալբանացիներին:

«Դուք կդառնաք մեր կողմից Կոսովոյին հատկացվելիք լայնածավալ օժանդակության ականատեսը: Դժվարանում եմ ասել, թե ի սկզբանե կոնկրետ ինչ զինատեսակներ ենք առաքելու, սակայն մի բան միանշանակ կարող եմ ասել` մենք Կոսովոյի Անվտանգության ուժերի հետ լիարժեք համագործակցություն ենք ծավալելու», - հայտարարել է Պենտագոնի ղեկավարը:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG