Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Առավոտ»-ը, անդրադառնալով ուսանողներին բանակ զորակոչելու խնդրին, նկատում է. - «Զինծառայությունը բոլորի համար պետք է ծառայություն լինի. թե չէ` բոլորին հայտնի է մի մեծահարուստ պատգամավորի որդիների օրինակը, որոնք, իբր, ծառայում էին Դիլիջանում, բայց Երեւանի գիշերային ակումբներից դուրս չէին գալիս ու շաբաթը մեկ կռիվներ էին սարքում: Եվ, վերջապես, ծնողները պետք է վստահ լինեն, որ իրենց որդիները բանակից ողջ ու առողջ են վերադառնալու: Մինչեւ այդ վստահությունը չլինի, որքան էլ օրենքը փոխվի, միեւնույն է` երեխաներին բանակից փախցնելը կմնա ցանկացած ծնողի գերնպատակը»:

«Հայոց Աշխարհ»-ը կանխատեսումներ է անում հոկտեմբերի 17-ի հանրահավաքի մասին. - «Տեր-Պետրոսյանի քաղաքական մահն օրինաչափ է, քանզի մեծ անհատները, հանճարները հակացուցված են ժողովրդավարությանը։ Հավասարների հասարակությունը բնազդաբար վախենում է հանճարի դրսեւորումից. բա որ հանկարծ դա հանգեցնի մնացածների հավակնությունների ոտնահարմա՞նը։ Հանճարը անհավասարության մարմնացումն է, իսկ ժողովրդավարությանը՝ հակառակը. անհրաժեշտ է ինքնադրսեւորման ընդհանուր հավասարություն, ազատության գորշ տարածք։ Եվ յուրաքանչյուրին, ով ոտնձգություն կկատարի այդ հավասարության դեմ, ժողովրդավարական հասարակությունը կսկսի ատել»։

«Հայկական ժամանակ»-ի խմբագրականը անդրադառնում է հայկական քաղաքականության նորագույն մի իրողության` բեսպրեդելին. - «Բեսպրեդելը ունի մի կարեւոր հատկություն` նա չունի յուրայիններ եւ օտարներ: Նա խժռում է բոլոր նրանց, ովքեր իր ատամի տակ են հայտնվում, ու ոչ ոք չի կարող գտնել նրանից պաշտպանվելու հնարը»: Թերթը շարունակում է մի կիրառական օրինակով. - «Լրջությունը նրա մեջ է, որ մի տեսակ չարձանագրվեց, որ Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը նույնպես սահմանազանցության զոհ է: Այո, բեսպրեդելի զոհ: Եվ մի օր այդ սահմանազանցությունը նրան ուղղակի ասաց` հավաքիր իրերդ եւ չքվիր: Կարո՞ղ էր արդյոք Տիգրան Թորոսյանը չենթարկվել այդ հրամանին: Չէր կարող: Որովհետեւ Ալրաղացի Լյովիկը հենց Ազգային ժողովի ամբիոնում կծեծեր նրան այնպես, ինչպես տարիներ առաջ Ազգային ժողովի ամբիոնում ծեծեց պատգամավոր Արամայիս Բարսեղյանին: Իսկ այդ ժամանակ Տիգրան Թորոսյանը խնդում էր քթի տակ եւ Քոչարյանի հրահանգով ականջ քաշելու մասին հայտնի օրենքն էր բստրում: Թորոսյանը ինքը փափուկ-բամբակ տղա է, ու այն ժամանակ նրան թվում էր, թե եթե պատսպարվի բեսպրեդելի թեւի տակ, պաշտպանված կլինի նրանից»:

«Չորրորդ իշխանություն»-ը կրկին անդրադառնում է մարտի 1-ի մայր գործին. - «Մարտի 1-ի գործով դատավարությունների հետ կապված ռեժիմը երկու լրջագույն պրոբլեմ ունի: Առաջին, առայսօր կոնկրետ 10 մարդկանց սպանությունների փաստով քրեական գործեր չեն հարուցվել. մարդասպանները հայտնի չեն, զենքերը հայտնաբերված չեն եւ այլն: Երկրորդ, 7 քաղբանտարկյալների դատը շուտով կսկսվի. այն, բնականաբար, հասարակական մեծ հնչեղություն կստանա եւ անմիջապես էլ ակնհայտ կդառնա, որ մեղադրանքի հիմքում բացարձակապես ոչինչ չկա, գործը փուչիկ է: Եվ ահա իշխանությունները որոշել են այս երկու անլուծելի պրոբլեմները պարզապես միացնել իրար եւ այնպես անել, որ 10 զոհերի սպանության գործերը լսվեն 7 քաղբանտարկյալների գործի շրջանակներում»:

«Առավոտ»-ի թղթակիցը զրուցել է «ժառանգություն» խմբակցության ներկայիս ղեկավար Արմեն Մարտիրոսյանի հետ, որը ներգրավված է մարտի 1-ի գործում որպես տուժող: Թերթը ներկայացնում է Արմեն Մարտիրոսյանի ցուցմունքները. - «Երբ ոստիկանների ջոկատը հասավ քաղաքապետարանի մոտ, մի խումբ անձինք, ըստ իս՝ սադրիչներ, փայտեր եւ քարեր էին շպրտում նրանց վրա: Ընդ որում, այդ մարդիկ կարծես հրահանգավորված ձեւով՝ մեկ գծով էին կանգնած: Ես եւ մի քանի մարդիկ վազեցինք, կանգնեցինք ոստիկանների առջեւ եւ թույլ չտվեցինք, որ նրանք հարվածեն ոստիկաններին... Այդ կողմ գնացածները կլինեին մոտ 20-30 անձինք: Ես նրանց այդ կազմակերպված շարժվելուց հասկացա, որ նրանք սադրիչներ էին եւ ցանկանում էին հարձակվել ոստիկանների վրա: Ես չեմ կարող ասել որեւէ պատճառ ոստիկանի վրա հարձակվելու համար, բացի սադրանք կատարելը»:

«Ազգ»-ը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի երեկվա մամլո ասուլիսը. - «Լրագրողները հարց ուղղեցին` թե Լեռնային Ղարաբաղի խորհրդարանի նախագահը չի՞ գտնում, որ Աբխազիայի ու Հարավային Օսիայի ճանաչումը երկրորդ պլան է մղել ղարաբաղյան խնդրի կարգավորումը: Աշոտ Ղուլյանն ասաց, որ վերջիններիս, ինչպես նաեւ Կոսովոյի ճանաչումը տեղի է ունեցել ոչ դասական ձեւով, եւ դա բնավ չի նշանակում, թե այդ երկրները վերջնականապես ճանաչված են համարվում: Միեւնույն ժամանակ, Աբխազիայի ու Հարավային Օսիայի պարագայում, լուծվել է այդ երկրների անվտանգության խնդիրը: Ղարաբաղի դեպքում իրողություններն այլ են. մենք ավելի մեծ հնարավորություններ ունենք միջազգային լիարժեք ճանաչման հասնելու, քանզի ընթանում ենք դրա դասական սխեմայով:


Աղասի Ենոքյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG