Մատչելիության հղումներ

Ավտոմեքենաներ շնորհվեցին տարվա լավագույն ուսուցչին եւ դաստիարակին


Այսօր պարգեւատրվեցին նաեւ Կրթության եւ գիտության նախարարության նախաձեռնած «Տարվա լավագույն ուսուցիչ», «Տարվա լավագույն դաստիարակ» եւ «Տարվա լավագույն տնօրեն» հանրապետական ամենամյա մրցույթի հաղթողները:

Վարչապետ Տիգրան Սարգսյանը «Տարվա լավագույն ուսուցիչ» եւ «Տարվա լավագույն դաստիարակ» մրցանակակիրներին հանձնեց «Վազ 21-07» մակնիշի ավտոմեքենաներ, իսկ ահա «Տարվա լավագույն տնօրեն»-ը ստացավ համակարգիչ:

«2009-թվականին ուսուցիչների աշխատավարձերը բարձրանալու են` կախված դասաժամերից: Մենք նախատեսել ենք, որ միջին աշխատավարձը պետք է հասնի 116 000 դրամի», - հավելեց վարչապետը:

Կրթության եւ գիտության նախարար Սպարտակ Սեյրանյան ասաց, որ ինչ պարգեւներ էլ տան, միեւնույն է չեն կարողանալու գնահատել այն աշխատանքը, որը կատարում են մեր ուսուցիչները տարիներ շարունակ:

«Մենք ուսուցիչներին կոչումներ, մեդալնել եւ մրցանակներ ենք շնորհում` հաշվի առնելով աշխատանքի տարիները, աշակերտների առաջադիմությունը, դասավանդման մեթոդները: Ուսուցիչները եւս, միմյանց հետ շփվելով, կարծիք են հայտնում, թե ով է արժանի լավագույն մրցանակին», - ավելացրեց նախարարը:


«Տարվա լավագույն ուսուցիչ» կոչմանն արժանացած Տավուշի մարզի Իջեւանի թիվ մեկ դպրոցի կենսաբանության ուսուցչուհի Անուշ Մեհրաբյանը նշեց, որ իր համար անակնկալ էր այս մրցանակը, քանի որ նախարարությունը հրավիրել էր մրցույթի բոլոր մասնակիցներին:

«Տարվա լավագույն դաստիարակ», Գեղարքունիքի մարզի Գավառի թիվ 7 մանկապարտեզի դաստիարակչուհի Արփիկ Հովակիմյանն ասաց, որ մեքենա վարել չգիտի եւ այն ժամանակավորապես կհանձնի ամուսնուն:

«Այսօր առաջին անգամ գնահատվեց իմ 22 տարվա աշխատանքը: Իմ եւ մանկապարտեզների բոլոր աշխատակիցները հիմնական խնդիրն այսօր մնում է ցածր աշխատավարձը, այն կազմում է 15-20 հազար դրամ», - ասաց նա:


Լիանա Մնացականյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG